Պետք է ամեն ինչ անենք՝ ԶՈւ քաղաքականացման հետագա բոլոր փորձերը զրոյացնելու համար

Այն բանակցային հնարավորությունները, որ առկա էին 2016-ից, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ ՀՀ-ին հագցված վզկապը կարճացնելու մասին էին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Կառավարության գլուխ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ վզկապը կարճացնելուց հետո էլ աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվել է ՀՀ հարցը լուծել պատերազմով։ «Ոչ թե ԼՂ հարցը, այլ՝ ՀՀ-ի հարցը, քանի որ ԼՂ հարցը վաղուց լուծվել էր։ Ու հիմա որոշվել էր ՀՀ-ի հարցը լուծել երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջումների ճանապարհով։ Այս սցենարը գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմից հետո»,- նկատեց նա։

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ ինքնիշխանությունը պահվեց, այնուամենայնիվ, մեր զինվորների կյանքի գնով։

«Մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետև «44-օրյա»-ից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձեր արվել են»,- նշեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո նաև «ռազմական հեղաշրջման փորձ է արվել Հայաստանում, որը ձախողվել է»։

«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ ԶՈւ քաղաքականացման հետագա բոլոր փորձերը զրոյացնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։