Ասում են՝ հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ, հիմա մենք հանձնե՞լ ենք, թե՞՝ ոչ․ Լուսինե Բադալյան

Ասում են՝ հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ, հիմա մենք հանձնե՞լ ենք, թե՞՝ ոչ․ Լուսինե Բադալյան

Ասում են՝ հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ, հիմա մենք հանձնե՞լ ենք, թե՞՝ ոչ ։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Նա իր խոսքը սկսեց պատմական էքսկուրսով։

«2020 թվականի սեպտեմբերն էր, ՀՀ վարչապետը եկավ ԱԺ և ասաց, որ լայնածավալ հարձակում է սկսվել Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Եվ նա ասաց՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ հանձնում ենք որոշ շրջաններ ու դադարեցնում պատերազմը, կա՛մ պատերազմում ենք։ Ընդդիմությունը միանշանակ պայքարեց պատերազմելու համար»,- ասաց նա։

Բադալյանը նշեց, որ այս ամենից հետո սկսվեց պատերազմը, այդ ընթացքում ՀՀ կառավարությունը մի քանի անգամ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի նա միջնորդի հրադադար կնքելու համար։

«Եղան միջնորդություններ, բայց Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը։ Ի վերջո, նոյեմբերի 9-ին կնքվեց զինադադար, որն ընդդիմությունն անվանեց կապիտուլյացիա։ Ի դեպ, պատմության ֆակուլտետն անելիք ունի, որ հստակ բացատրի զինադադարի ու կապիտուլյացիայի տարբերությունը։  Ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, թե այս իշխանությունները հանձնում են Արցախը, նրանք են սադրել պատերազմ, այսօր ծաղրում են մեր խաղաղության օրակարգը։ Այստեղ առաջանում է դիսոնանս, որովհետև պատերազմն առանց զոհերի չի լինում, իսկ մենք զոհեր չենք ուզում»,- նշեց նա։

Լուսինե Բադալյանը հիշեցրեց նաև արտահերթ ընտրությունների մասին՝ ասելով, որ ժողովուրդը ընտրեց խաղաղության օրակարգը, իսկ ընդդիմությունն ասում է՝ պատերազմում պարտված իշխանությունը պիտի գնա։

«Ասում են՝ հանձնել ենք Արցախը, բայց այսօր գնացել են Արցախ, հիմա մենք հանձնե՞լ ենք, թե՞՝ ոչ»,- հարց հնչեցրեց պատգամավորը։ Նա նշեց, որ ընդդիմությունը նաև վերջերս խոսում է Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, բայց հստակ օրակարգ չի ներկայացնում։