«К западу от рая»․ պատմական անդրադարձների ու իրապատումների նոր գիրք՝ Արցախի մասին

«К западу от рая»․ պատմական անդրադարձների ու իրապատումների նոր գիրք՝ Արցախի մասին

Կորսված հայրենիքի՝ Արցախի մասին ևս մի նոր գիրք է գրվել։ 

«К западу от рая» ռուսալեզու գրքի հեղինակ Կարեն Մանասյանը MediaHub-ին պատմեց, որ գիրք ունենալու ցանկություն չի ունեցել, ինքը գրող կամ բանաստեղծ չէ, սակայն հիվանդանոցում բուժում ստանալիս, երբ ազատ ժամանակ է ունեցել՝ ֆեյսբուքյան հարթակում կիսվել է իր մտորումներով։ Հետագայում, ընկերների առաջարկով ու իր հայրենակիցների աջակցությամբ՝ դրանք հավաքագրվել ու գիրք է դարձել։

«Գրքի մեջ զետեղել եմ հոգեբանական մտորումներ, հայրենասիրական ու պատմական պոեմներ, իրապատումներ ու պոեզիա։ Պատմական անդրադարձ կա 1920 թվականի Շուշիի կոտորածի վերաբերյալ, երբ հրաշքով փրկված մի երեխա տեղափոխվում է Մարտունու Ճարտար։ Հետագայում մազապուրծ եղած այդ երեխան դարձել է ընկերոջս պապը։ Նրա պատմությունը ողբերգական լինելուց առաջ՝ նախ, ուժեղ կամքի մասին է։ Եվս մեկ իրական պատմություն կա կուսապատցի Հովհաննես Աթաբեկյանի մասին։ Մոտ 200 տարի առաջ նա Ասկերանում 2 անգամ պարսիկների շրջափակումից հանել է հայ և ռուս զինվորականներին, կանխել Արցախի դեմ ասպատակությունը։ Հետագայում նրան շնորհվել է գեներալի կոչում»,-նշեց հեղինակը։

Կարեն Մանասյանը Ճարտարի դպրոցում դասավանդում էր անգլերեն լեզու։ Իր խոսքով՝ 19 տարվա և 19 օրվա ստաժ ունի։ Տեղահանվելուց հետո դասավանդման առաքելությունը շարունակել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Սակայն, մի օր պարզվեց, որ նևրոզ հիվանդություն է ձեռք բերել, ինչը հանգեցրել է թողնել աշխատանքն ու հոգ տանել առողջության մասին։ Այդպես ծնվել է գիրք ունենալու մտահղացումը։ 


«К западу от рая» գիրքը տպագրվել է ռուսերեն լեզվով՝ ավելի լայն լսարանին հասանելի լինելու համար։

Գրքի տպագրման ֆինանսավորումն իրականացվել է Աշոտ Ջիվանյանի նախաձեռնությամբ՝ "Մոնթե-Ավո" բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Հունան Թադևոսյան