Թուրք տղան, Երևանի փողոցներով քայլելով, ծաղրում է մեզ, որ վարկաբեկի մեր ուժային կառույցներին․ Գառնիկ Դավթյան

Թուրք տղան, Երևանի փողոցներով քայլելով, ծաղրում է մեզ, որ վարկաբեկի մեր ուժային կառույցներին․ Գառնիկ Դավթյան

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է թուրք երիտասարդը շրջում Երևանի փողոցներով և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղրական արտահայտություններ հնչեցնելով հայերի հասցեին։ Իր հրապարակած տեսանյութում տղան ասում է, որ Հայաստանում քայլում է Թուրքիայի դրոշով շապիկը հագին ու իրեն ոչ ոք ոչինչ չի կարողանում ասել։ Բացի այդ, թրքախոս երիտասարդը նշում է, թե «Հայաստանի ամենամեծ թատրոնում է», որը եվրոպացիները ճանաչում են որպես Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ այդ երևույթն այնքանով է նորմալ, որ թուրքերն ազատ ելումուտ ունեն Հայաստան, չկա որևէ սահմանափակում թուրքերի ու ադրբեջանցիների մուտքի համար։

«Կարծում եմ, որ այս դեպքում չի կարելի մեղադրել ուժային կառույցներին՝ ասելով, թե նրանք չեն աշխատում, քանի որ ոչ ոք չի կարող Հայաստան մտնող հազարավոր թուրքերին ու ադրբեջանցիներին 24 ժամ հետևել։ Դա շիզոֆրենիայի նման կլինի, որ բոլորին կասկածես ու սկսես հետևել»,- նշեց Դավթյանը։

Ըստ նրա՝ այլ բան է, որ այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականությունն ու վարքն են այս վիճակի պատճառը։

«Նմանատիպ դրսևորումները նպատակ ունեն ցույց տալու, որ Հայաստանում չեն գործում ուժային կառույցները։ Բացի այդ, սա քարոզչական երանգ ունի և հիմնական նպատակը հայկական պետականությունը վարկաբեկելն է, հատկապես, երբ դա արվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կամ եկեղեցու ֆոնին։ Այսինքն՝ հիմնականում ազգային, մշակութային հենք ունեցող հուշահամալիրների ֆոնին է արվում և դրա նպատակը այդ ամենին հարվածելն է»,- շեշտեց Գառնիկ Դավթյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ այդ տեսանյութը ավելի վաղ է արվել, բայց այսօր է ներբեռնվել համացանց, բայց շատ լավ կլինի, եթե մեր ուժայինները կարողանան գտնել նրան ու պատասխանատվության ենթարկել։

Նարե Գևորգյան