ՔՊ-ականները պահանջել են լուծել Աղազարյանի կալանքի հարցը, Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականները պահանջել են լուծել Աղազարյանի կալանքի հարցը, Ինչի մասին է գրելու Հովիկ Աղազարյանը․ Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա´մ կկալանավորեն, կա´մ կենթարկեն տնային կալանքի: Այս մասին հայտարարել է Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճաղարյանը:

Սակայն, ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՔՊ-ականները պահանջել են Փաշինյանից՝ պատժել Աղազարյանին հենց այս տարվա մեջ, համաձայնել են գալ արտահերթ նիստի։ Մասնավորապես, բեմ է բարձրացել Վահագն Ալեքսանյանը՝ պահանջելով անհապաղ լուծել Աղազարյանի կալանքի հարցը, թե բա արդեն «շատ է սկսել բերանը շաղ տալ՝ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ»։

Նրան միացել են մի քանի պատգամավորներ: Ասում են նաեւ, որ Փաշինյանը թիմի անդամներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Աղազարյանի անձեռնմխելիության հարցով դատախազը կմտնի ԱԺ»:

 

«Հրապարակը» գրում է․ Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»: Եթե հիշում եք, ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրք էր գրել։ Ինչո՞ւ «իրական կողմը», հակադրվո՞ւմ եք Փաշինյանին՝ հարցրինք Աղազարյանին։ «Բացարձակ հակադրում չի լինելու, գիրքը լինելու է ինքնակենսագրական, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քրեական վարույթի շրջանակներում առգրավել են Աղազարյանի հեռախոսը, ապա դրա պարունակությունը, այդ թվում՝ անձնական ինֆորմացիաները, հանրայնացրել քննարկման դնելով կուսակցության վարչության, ապա խմբակցության նիստերի ժամանակ։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք գիրք գրել։ Աղազարյանը կատակեց, թե վաղը, մյուս օրը կալանավորելու են, ֆինանսական դժվարություններ է ունենալու գրքի վաճառքի հասույթով կկարողանա օգնել ընտանիքին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ, մինչ օրս շարունակում են ջանքեր գործադրել, նաև ստիպել, որոշներն էլ բարեկամաբար համոզել Աղազարյանին, որ վայր դնի մանդատը եւ հեռանա խորհրդարանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի խումբ Հովիկ Աղազարյանին ամոթանք է տվել, պահանջել, որ վայր դնի մանդատը, ասել են, թե այդքան խայտառակ իրադարձություններից հետո, հատկապես նրանից հետո, ինչ տեսել են իր հեռախոսում, ինչպես է նստելու նույն դահլիճում ու իրենց հետ աշխատի, հարցեր քննարկի:

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ տեղն է դրել իր երբեմնի թիմակիցներին, թե եթե չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից: «Ես մանդատս չեմ դնի», – ասել է Աղազարյանը»: