Ավետիք Չալաբյանի կարճ հիշողությունը

Ավետիք Չալաբյանի կարճ հիշողությունը

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրվել է Միասնության հանրահավաք: Իշխան Սաղաթելյանը, որ հայտարարեց հավաքի մասին, հրավիրեց քաղաքական բոլոր ուժերին միանալ դրան: Եվ շատ ուժեր արդեն իսկ արձագանքել են՝ հաստատելով իրենց մասնակցությունն այս կամ այն ձևաչափով, այդ թվում և MediaHub-ի հետ զրույցում:

Նույն հարցը՝ մասնակցելո՞ւ եք հանրահավաքին, թե ոչ, ուղղեցինք հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Սակայն պարզվեց, որ Չալաբյանն այնքան զբաղված է, որ ժամանակ չունի երկու րոպե տրամադրելու լրագրողին.

«Ինձ հեռախոսով զանգելը և մի քանի հարց քննարկելը անհույս գործ է, որովհետև ես զբաղված եմ: Հարցերը ուղարկեք, եթե հնարավորություն ունենամ՝ կպատասխանեմ»,- ասաց նա, լսելով MediaHub-ի հարցը:

Անշուշտ, բոլորս էլ զբաղված լինում ենք և կարող է անգամ երկու րոպե ժամանակ տրամադրելը խնդիր լինի: Բայց Ավետիք Չալաբյանի պատասխանում առանցքայինը ոչ թե զբաղված լինելն է, այլ նրան (ինչպես ենք համարձակվել, հանդգնել) հեռախոսով հարց ուղղելն է: Չալաբյանը դա որակում է որպես «անհույս» մի բան, մոռանալով, որ դեռ մի քանի ամիս առաջ ինքը՝ անազատության մեջ գտնվելով ու փորձելով ապացուցել իր անմեղությունը, իր թիմը նույն այդ լրագրողների հույսին էր մնացել ու գիշեր-ցերեկ տարածում ճաղերի ետևից գրված Չալաբյանի մտքերը, դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ:

Չալաբյանից փորձում էին քաղհալածյալ դարձնել, մի պահ որոշներն անգամ ընդդիմության առաջնորդ էին նրան դիրքավորում, այսինքն նրա ապագա քաղաքական կարիերան ուրվագծվում էր նաև լրագրողների ջանքերով ու աջակցությամբ, և այնպես չէ, որ գրավով ազատվելուց հետո նա չի շարունակում լրագրողների աջակցությունից օգտվել:

Բայց պարզվում է, որ քաղաքական կիսակարիերա ունեցող գործիչն անհույս է համարում իրեն հեռախոսով հարցեր տալը, կարող է նման կերպ արձագանքել լրագրողների հարցադրումներին և որպես շատ բազմազբաղ՝ գրավոր պահանջել հարցերը՝ վերապահումով, որ դա էլ դեռ երաշխիք չէ, որ կպատասխանի դրանց:

Ավետիք Չալաբյանին խոստանում ենք, որ իր բազմազբաղ օրակարգը չենք խաթարի մեր հարցերով, գրավոր էլ չենք դիմի՝ մարդ ես, ավելի կարևոր գործերից չկտրելու համար: Մնացածն էլ կյանքը ցույց կտա: