Հաղորդում՝ հանցագործության մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Աշոտովնան գրում է․
«ՀԱՂՈՐԴՈւՄ հանցագործության մասին
2022թ-ի մարտի 26-ին առավոտյան նկատում եմ, որ Սայաթ-Նովա 5 հասցեի հուշարձան շենքերի տանիքին իրակնացվում են շինարարական աշխատանքներ և կառուցվում է ինքնակամ կառույց՝ մանսարդային հարկ՝ մասնավորապես բարձրացվել է բակ նայող տանիքի լանջը, փոխվել տանիքի թեքությունը, և քարե շարվածք է իրականացվել կողաճակատում, իսկ փողոցին նայող հատվածում դեռ միայն թիթեղներն էին ապամոնտաժվել և փաստացի իրականացվում էին ինչ որ աշխատանքներ։
Քանի որ կենտրոն վարչական շրջանում ապօրինի շինարարության հսկողությունը իրականացվում է այդ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կողմից, իսկ Ավետ Պողոսյան ոնց որ թե այդքան էլ չի սիրում Սայաթ-Նովա 5 հասցեի մշակույթային շենքը, որովհետև ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից մոտ մեկ տարի առաջ այդ նույն շենքի աջակողմյան հատվածում նույնպես կառուցվել էր նմանատիպ ապօրինի կառույց, և Ավետ Պողոսյանը հարազատ մնալով իր վարքագծին ակնհայտորեն անգործություն, կամ անփույթություն է դրսևորել, ինչի առթիվ արդեն իսկ հարուցվել և քննվում է քրեական գործ, ուստի որոշեցի տեսածիս մասին ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով դիմել վերադաս մարմիններին, որպես տեղեկատվություն։
Ի զարմանս ինձ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կողմից համապատասխան վարույթ իրականացնելու և դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացվելու փոխարեն վերջինս րոպեներ անց Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով ինձ մեղադրեց սուտ մատնության մեջ:
Տպավորություն է ստեղծվում, որ Ավետ Պողոսյանը ի վիճակի է ոչ աշխատանքային օրով և միանձնյա հաշված րոպեների ընթացքում բողոքի լսումներ, քննարկուներ և ամփոփումներ կատարել ու հաստատակամ կարծիք հայտնել այն մասին, որ իբր դա չի համապատասխանում իրականությանը։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 75-րդ կետի համաձայն՝
75. Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ և վերահսկողությամբ:
Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
Ակնհայտ է, որ նման համաձայնություն չէր կարող ունենալ Ավետ Պողոսյանը։
Իսկ քրեական օրենսգրքի 264 հոդվածով հանցանք է պարունակում Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը։
Տվյալ դեպքում կառուցապատողի կողմի առանց համապատասխան թույլտվությունների իրականացվում էր մանսարդային հարկի շինարարություն, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը՝ փոխարեն իրականացներ համապատասխան վարչարարություն՝ կանխարգելեր և կասեցներ ապօրինի շինարարությունը և քննարկեր դեպքի առթիվ հաղոդում տալու հարցը, դրսևորեց անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, իր դիրքը ծառայության հանրային շահերին հակառակ օգտագործելով և իր ծառայողական պարտականությունները չկատարելով ինձ մեղադրեց սուտ մատնության մեջ՝ պաշտոնական վերահսկողություն իրականացնելու փոխարեն, պաշտոնական հովանավորչություն իրականացնելով։
Գտնում եմ, որ պարոն Ավետ Պողոսյանի գործողություններում կամ ավելի ճիշտ ցուցաբերած անգործությունում առկա են հանցագործության հատկանիշներ, ինչը ենթակա է օրենսդրությամբ սահմանված կարգով նախաքննության մարմինների կողմից իրավական գնահատման։
Վերը նշվածից ելնելով խնդրում եմ հարուցել քրեական գործ և համապատասխան հանցակազմի առկայության դեպքում միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: