Չեմ կարծում՝ անակնկալ էր Թուրքիայի մասնակցությունը պատերազմին․ Քոչարյանը հակադարձեց Տոնոյանին

Մեր հանձնաժողովի խնդիրը բոլոր պաշտոնյաների խոսքերը համադրելով՝ ունեցած բացերը հասկանալն է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ելույթին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ պարզ կդառնա՝ ինչո՞ւ ենք մենք պարտվել, եթե ամեն ինչ լավ էր, բանակն ի վիճակի էր պայքարել։ 

«Պատերազմի ընթացքում 100 հազարից ավելի մասնակիցների մասին էր, բայց միայն զինվորն էր դրան պատրաստ, բայց ամբողջ երկիրը պետք է դրան պատրաստվեր։ Պարոն Տոնոյանն այդ մասը վերցրեց իր վրա, բայց դա միայն իր հարցը չէ։ Կառավարման հարց է, պետք է հասկանանք՝ ինչ ժառանգություն է ստացել Դավիթ Տոնոյանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ մեկ կրակոց է արվել, բայց պատերազմը պահանջել է տասը կրակոց, այդ տասին պետք էր պատրաստ լինել։

Դիտարկմանը, որ պատերազմից մեկ շաբաթ անց ինքը պնդում էր, թե Դավիթ Տոնոյանը չի տիրապետել օդից եկող վտանգներին, այժմ է՞լ է ինքն այդ կարծիքին, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ ինքն այդ հարցերն այսօր էլ է տվել, որոշ պատասխաններ ստացել է։

«Ես այլ հարց էլ պիտի տայի՝ նոր պատերազմ նոր տարածքներ միտքը գուցե տղայաբար ասել է, բայց թիկունքը պատրա՞ստ էր»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Տոնոյանի հայտարարությանը, թե անակնկալ էր Թուրքիայի մասնակցությունը պատերազմին, Քոչարյանը հակադարձեց՝ ասելով, որ հետախուզական տեղեկագրերն ուսումնասիրվում են, նախարարին զեկուցվում։

Մանրամասները՝ տեսանյութում։