«Հայաստան» խմբակցությունն ընտրություններին մասնակցելու նախընտրական ցուցակ արդեն ունի․ Մինասյան

Եթե հակառակորդը Ջերմուկ է հասել, թիվ մեկ մեղավորը իշխանությունն է, պետք չէ խնդիրները տեղափոխել ընդդիմադիր դաշտ, որով փոխվում են նաև իրական թիրախները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

«Իշխանությունն ամեն օր ճնշում է գործադրում՝ թե՛ իր ապօրինի գործողություններով, թե՛ իրեն սպասարկող լրատվամիջոցներով»,-ասաց Մինասյանը։ 

Լրագրողի հարցին, որ գուցե այն պատգամավորները, որոնք մանդատը վայր դրեցին վերջին օրերին,  իրենք էլ էին մտածում, որ իշխաանափոխություն կլինի, Մինասյանն արձագանքեց.

«Ցանկացած պայքար որոշակի ակնկալիքներ է ենթադրում։ Հիմա պայքարը շարունակվում է: Այո՛, մարտավարական տեսանկյունից մեր գործընկերները կարող է համարում են, որ ԱԺ-ում պայքարը այլևս անիմաստ է, պառլամենտից դուրս պետք է պայքարել»: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, թե՛ միջազգային հարթակներում պետք է կարողանալ պայքարն առաջ տանել.

«Իհարկե, բոլորս ակնկալում էինք, որ իշխանությունը շուտ փոխվեր, ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն, որ այդ կառավարությունը մեզ ավելի շուտ հաներ այս իրավիճակից, բայց հիմա իրավիճակն այսպիսին է»,-ընդգծեց Մինասյանը։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ իրենց խմբակցությունն արդեն ունի նախընտրական ցուցակ ընտրություններին մասնակցելու համար.

«Լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք և որևէ պայմաններում այս ճնշումներին չի ենթարկվի և չի լինելու այնպես, որ մանդատը պահելու համար դուրս գան խմբակցության կազմից»,-ամփոփեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: