Ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանը ՔՊ-ականների հետ հանդիպմանը, Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում: Չնայած հանդիպման օրվա մասին նախնական պայմանավորվածությանը` հանդիպման ժամը չի ասվել նրանց, ասել են` նախարարի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված, հստակ ժամ չի կարող ասել Միրզոյանը, թե երբ կգա, ուստի առավոտից եկեք եւ սպասեք, մինչեւ հստակություն կլինի:
Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի եւ ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս նոյեմբերին մենք տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բանն այն է, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն քպական իշխանությունը, «ավանդույթի» համաձայն, այս համայնքում ևս ամեն գնով իշխանազավթում իրականացրեց:
Հիմա Փարաքարում իշխանությունը ձևավորել են ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը ։ Տեղեկացրել էինք նաև, որ արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է: Մեր տեղեկություններով, վիճակը գրեթե անփոփոխ է, «Ապրելու երկիրը» բոյկոտում է ավագանու նիստերը, դրանք գրեթե տեղի չեն ունենում՝ քվորումի բացակայության պատճառով, իսկ եթե հազվադեպ տեղի էլ ունենում են, որևէ կարևոր հարցի հետ կապված որոշում ընդունել չի հաջողվում:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փարաքարում ոչ պա կ ա ս ուշագրավ մեկ այլ վիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ նախորդ տարեվերջ ին տեղի ունեցած վերոնշյալ նույնիսկ հազվադեպ նիստերում այդպես էլ չի քննարկվել համայնքի բյուջեն, քանի որ, մեր տեղեկություններով, համայնքի աշխատակազմը մինչև հիմա չի կարողանում կազմել բյուջեն։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով անցած տարվա հոկտեմբերին ազդարարեց քաղաքական նոր շարժում սկսելու մասին, ապա հայտարարվեց, որ ղեկավարելու է «Համահայկական ճակատ» շարժումը, թեպետ հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են սկսել իրականացնել Երեւանում եւ մարզերում։
Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երեւանում եւ Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաեւ այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաեւ լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերից Արշակ Կարապետյանը մեկ-երկու անգամ ընդամենը «լայվ» է մտել, մի անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատասխանել լրագրողների հարցերին: Նա մինչ օրս ՌԴ-ում է, եւ հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի դրսից` սպասելով հարմար պահի, ինչպես ժամանակին արել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը։ Նա հարցաքննվել է որպես վկա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ Մելիքջանյանը Նախկին ԲԴԽ անդամ է եղել։
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաեւ ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ համոզելու, խնդրանքի եղանակով վերջինիցս պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին: Նրանք կալանավորվել էին 4 ամսով, եւ որոշ հույսեր կային, որ ժամկետը լրանալուն պես ազատ կարձակվեն:
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր կանի ադրբեջանական իշխանությունը: Նկատեցինք, որ դատելով Ալիեւի վերջին հարցազրույցից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն էլի կմնան կալանքի տակ, ավելին` Ալիեւը երազում է եւս 2 հոգու կալանավորել` Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:
«Կան օրենսդրական կարգավորումներ, եթե նախաքննությունն ավարտված չէ, եւ կա իբրեւ թե նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, ապա դատարանին կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացվի: Այն կարող է լինել 1, 2, 3 ամսով, ցուցե՝ ավելի շատ:
Այս պահին չկան հստակ տեղեկություններ, սակայն կարծում եմ՝ առաջիկայում գործերի ընթացքը պարզ կլինի: Հավանական եմ համարում՝ թեկուզ կրճատված, սակայն կալանքի երկարացումը: Դեռ որոշակի բեմադրություններ են պահանջվելու, նախքան դատավարությունը»:
Ըստ ադրբեջանական օրենսդրության, նախնական կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 18 ամիս»: