Սարյանի տարբերակն ավելի գերադասելի է մեր երկրի, ժողովրդի ու պետության համար. Դավիթ Մուրադյան

Սարյանի տարբերակն ավելի գերադասելի է մեր երկրի, ժողովրդի ու պետության համար. Դավիթ Մուրադյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հրապարակում էր արել՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: 

«Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. արնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- գրել է Սիմոնյանը:

Արդյո՞ք նման անհրաժեշտություն կա, ի՞նչ են այս մասին մտածում մտավորականնեը։  Հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է կինոգետ, հրապարակախոս, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի հետ:

Վերջինս զերծ մնաց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբայելուց, սակայն իր կարծիքը ներկայացրեց, որն, ըստ էության, համընկնում էր Սիմոնյանի կարծիքին։

«Դեռ 15 տարի առաջ եմ ես ասել, որ կողմ եմ Մարտիրոս Սարյանի ներկայացրած տարբերակին, իհարկե, այն սովետական որոշակի տարրեր է պարունակում, բայց կարծում եմ, իրավահաջորդների հետ կարող են համաձայնության գալ ու որոշակի խմբագրում անել։ Այսինքն՝ այս մասով ես իմ կարծիքն ունեմ։ Ըստ իս, Սարյանի տարբերակն ավելի գերադասելի է մեր երկրի, ժողովրդի ու պետության համար, քան դեռևս Առաջին հանրապետության օրոք արված Կոջոյանի տարբերակը։  Կարծում եմ, որ Սարյանի տարբերակն ավելի պարզ է, ավելի ընթեռնելի»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է օրհներգին, ապա Դավիթ Մուրադյանի համար ընդունելի է Արամ Խաչատրյանի տարբերակը։
«Քանի որ Խաչատրյան կոմպոզիտորի գրած հիմնից հրաժարվելն այնքան էլ ճիշտ չէ, նա համաշխարհային կոմպոզիտոր է։ Սակայն նոր տեքստ է անհրաժեշտ, որը կարտացոլի մեր այսօրվա իրականությունը»,- ամփոփեց խոսքը Դավիթ Մուրադյանը։

Նարե Գնունի