Մենք միակը չենք աշխարհում, որ տնավեր ենք դարձել, բայց պարտվում են հավատ չունեցող ժողովուրդները

Մենք միակը չենք աշխարհում, որ տնավեր ենք դարձել, բայց պարտվում են հավատ չունեցող ժողովուրդները

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տարբեր համայնքերում շարունակում է հանդիպումները՝ տեղահանված արցախցիների հետ։ Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում։ 

«Տեղահանվելուց հետո եկանք Գորիս. սա Հայաստանի առաջին բնակավայրն է, որ Արցախին այսքան մոտ է, օդը նույնն է»,- MediaHub-ին ասաց ստեփանակերտցի Էռնա Հարությունյանը։ Իր պես հազարավոր փախստականներ բնակության համար ընտրել են Սյունիքի մարզը։ Տիկին Էռնայի խոսքով՝ Տեր Վրթանեսի հետ հանդիպումից հետո տուն վերադարձի հավատն ավելի է ամրապնդվել։

Մեր զրուցակիցը նշեց, որ Սրբազանը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, միջազգային կառույցների կողմից հնչող մեր վերադարձի իրավունքների ու ըստ այդմ՝ անվտանգության երաշիքների մասին: Նա ասել է, որ կարոտն ու սերը հայրենիքի նկատմամբ նույնական են։ 

«Մենք հազար թելերով պետք է մեզ կապենք հույսի հետ ու երբեք չմոռանանք վերադառնալու մասին։ Մեր բոլորիս վերադարձը կախված է նաև ձեզանից։ Որպեսզի Արցախը չկորցնենք, պետք է պահենք մեր միասնությունը։ Հակարի կամուրջն անցնելուց հետո բոլոր համայնքները ցաք ու ցրիվ են եղել աշխարհով մեկ։ Հավատանք, որ միավորման ժամը վերստին գալու է։ Ուստի, պինդ պահենք բարբառը, մշակութային առանձնահատկություններն ու խոհանոցային արվեստը»,- Աբրահամյանի խոսքերը փոխանցեց տիկին Էռնան։

Դիմելով ներկաներին՝ Արցախի թեմի առաջնորդը հորդորել է, որ պինդ ու ամուր մնան իրենց տեղերում, չթուլանան ու չհուսալքվեն։ Պարտվում է հավատ չունեցող ժողովուրդը։ Ասել է՝ «մի՛ թողեք, որ ցավը, կարոտը հաղթեն ձեզ»։

«Այո, կան մարդիկ, որ չեն դիմանում և անգամ անժամանակ հեռանում են կյանքից։ Չեմ ուզում, որ կարոտը մահացու լինի մեզ համար։ Մենք միակ ժողովուրդը չենք աշխարհում, որ տնավեր ենք դարձել։ Բայց մենք տարբերվում ենք մեր հավաքականությամբ, ուստի, այս պահին պետք է ամուր մնանք մեր տեղերում, աշխատենք մայր հայրենիքում, որ աշխարհաքաղաքական այս գործընթացներից հետո արժանապատվորեն վերադառնանք, շենացնենք մեր տները»,- հավելել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հունան Թադևոսյան