Մարդկանց ողջ-ողջ այրում էին, անդամահատում․ Բաքվի ջարդերից 33 տարի անց՝ ցեղասպանության նույն վտանգի առջև

Մարդկանց ողջ-ողջ այրում էին, անդամահատում․ Բաքվի ջարդերից 33 տարի անց՝ ցեղասպանության նույն վտանգի առջև

1990 թվական, հունվար․ ամենացավոտ ժամանակահատվածներից հերթականը հայ ժողովրդի համար: Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում սպանվեց մոտ 30 հազար հայ։ 

«Դա սովորական ցեղասպանություն էր, ոչ թե ջարդ՝ ըստ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի բոլոր կետերի։ Աննախադեպ էր ամեն ինչ, որովհետև առաջին անգամ Խորհրդային միության տարածքում խաղաղ պայմաններում սեփական խաղաղ քաղաքացիների նկատմամբ այդպիսի ոճիր եղավ։ Բացի հումանիտար հարց լինելուց, դրանում են կայանում արցախյան հակամարտության հայանպաստ լուծման բանալիները»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, որն իր աչքով է տեսել թշնամու վայրագությունները։ 

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ, իր հուշերը ներկայացնելիս, նշում է՝ մարդկանց հետ վարվում էին, ինչպես ոչխարի հոտի հետ։ 
«Ուղղակի քշել են մարդկանց, ծեծելով, կտտանքների ենթարկելով։ Մարդկանց լցրել են լաստանավեր, դրանցում տեղի ունեցածը հնարավոր չէ նորմալ մարդուն պատմել»,- նշում է նա։ 

Բաքվի ջարդերից մի կերպ փրկված Նինա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց քշում ու տանում էին, միջնադարյան անմարդկային ձևով․ մարդկանց այրում էին, ողջ-առողջ մարդուն անդամահատում։ 

«Մեզ լաստանավերով, իրար վրա լցրած տարան։ Չեմ հիշում, թե որտեղ էր․ մի ճաշարանում հաց պիտի ուտեինք։ Դիմացս մի կին նստած լացում էր, պատմում, որ տղային իր աչքի առաջ սպանել են, հարսին՝ բռնաբարել։ Ու դուրս եկա էդ ճաշարանից, մեզ տարան օդանավակայան, որ գանք Հայաստան։ Կողքիս մի աղջիկ նստեց, հարցրի՝ աղջիկ ջան, մենա՞կ ես բա դու, ասաց՝ ծնողներիս ութերորդ հարկից գցել են»,- պատմում է տիկին Նինան։ 

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ կատարվածը միջազգային ճիշտ գնահատականի չի արժանացել։ 

«Մենք չունենք որևէ մի հայտնի գործ, որ այդ առնչությամբ հարուցված լինի։ Հիմա էլ, սահմանի ամեն զոհը այս ցեղասպանության զոհերին գումարած թիվ է։ Գործընթացը շարունակական բնույթ է կրում, այն չի ավարտվել ո՛չ Սումգայիթում, ո՛չ Բաքվում»,- նկատեց Ալավերդյանը։ 

Հիրավի, թշնամին շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը․ այսօր էլ Արցախի 120 հազար, իրենց կամքից անկախ գերության մեջ հայտնված հայերն են նույն ցեղասպանության վտանգի առջև։

Նարե Գնունի