Իմ հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերն են. Եվրոպայի փոխչեմպիոն Անդրանիկ Կարապետյան

Իմ հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերն են. Եվրոպայի փոխչեմպիոն Անդրանիկ Կարապետյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնի Անդրանիկ Կարապետյանի հաջորդ կարևորագույն նպատակը Օլիմպիական խաղերն են:

«Յուրաքանչյուր մարզիկ նախընտրում է չեմպիոն դառնալ: Այս պահին երկրորդ տեղը գոհացնող է, քանի որ ծնկի վնասվածք ունեի և այն բավականին լուրջ էր:  Աշխարհի առաջնությունում լավ հանդես չեկա և բոլորը կարծեցին, որ Անդրանիկ Կարապետյանը պետք է հեռանա ծանրամարտից: Բայց հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Հայազգի ծանրորդը շեշտեց, որ հրում վարժության երկրորդ մոտեցումը բացառիկ էր, քանի որ տրիբունաներից լսել էր որդու ձայնը և մոտեցումը նվիրել նրան:

«Հիմա վնասվածք չկա և կա արդյունք: Իմ հաջորդ նպատակը Օլիմպիական խաղերն են»,-շեշտեց նա:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր: Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 167, 173, 178 կգ: Վերջին մոտեցմամբ Կարապետյանը սահմանեց Եվրոպայի ռեկորդ (178 կգ): Այս վարժությունում Կարապետյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը  առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ, այնուհետ` 196 կգ, սակայն չբարձրացրեց 206 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է Եվրոպայում: