Հասարակությունը հանդես եկավ որպես միասնական ճակատ՝ ընդդեմ ապստամբության փորձի․ Պուտին

Հասարակությունը հանդես եկավ որպես միասնական ճակատ՝ ընդդեմ ապստամբության փորձի․ Պուտին

Ռուս ժողովուրդը համերաշխություն դրսևորեց՝ որպես միասնական ճակատ հանդես գալով ռազմական ապստամբության փորձի դեմ․ այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

«Ռուս ժողովուրդը կոնսոլիդացված է, ինչպես երբեք։ Ռուսական քաղաքական շրջանակները և ողջ հասարակությունը հստակ ցույց են տվել միասնությունն ու բարձր պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար՝ հանդես գալով որպես միասնական ճակատ զինված ապստամբության փորձի դեմ»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ՇՀԿ երկրների իր գործընկերներին, ովքեր աջակցել են Ռուսաստանի իշխանությունների գործողություններին ապստամբության փորձի ժամանակ։

«Մենք դա բարձր ենք գնահատում»,- ընդգծել է նախագահը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ռազմական ապստամբության փորձ է կատարվել Վագների ՊՄԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։ Հունիսի 24-ին նա վերահսկողության տակ վերցրեց Դոնի Ռոստովը և շարասյուններ ուղարկեց դեպի Մոսկվա։ Նույն օրը երեկոյան Կրեմլը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, վերջինս համաձայնել է միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ նախագահը նշեց․

«Հիմա, փաստորեն, հիբրիդային պատերազմ է մղվում մեր դեմ, աննախադեպ մասշտաբով կիրառվում են հակառուսական ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը վստահորեն դիմադրում է և շարունակելու է դիմակայել արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին և սադրանքներին»,- վստահեցրել է նախագահը։