Ի՞նչ «սև կատու է անցել» Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև

Ի՞նչ «սև կատու է անցել» Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտնել է. «Ո՞ւմ են պետք հայերը մեզանից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում բարձր հայտարարություն էր արել երկու ամիս առաջ. «Ես այլևս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երևանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ կարող է փոխվել, եթե Բելառուսը դուրս գա կազմակերպությունից, կամ եթե նրա նախագահը ներողություն խնդրի։ ՀԱՊԿ-ի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, սատարել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը, սրանից հետո ես Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձևաչափով հարցեր քննարկե՞մ»:

Ի՞նչ «սև կատու է անցել» Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև։ Ի՞նչ հարաբերություններ կան երկու երկրների միջև․ MediaHub-ը զրուցեց «Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

«Լուկաշենկոն ուղղակի բացարձակ ճշմարտությունն է ասել՝ հայերը ոչ ոքին պետք չեն, դա քաղաքագիտական ամենապարզագույն ճշմարտությունն է, որ ցանկացած ժողովուրդ պետք է հասկանա։ Նույն ձև կարող էինք ասել՝ ոչ ոքի պետք չեն բելառուսի ժողովուրդը, ոչ ոքի պետք չեն անգլիացիները կամ ֆրանսիացիները, քաղաքականության մեջ յուրաքանչյուրն իր խնդիրները պետք է կարողանա լուծի կամ չի կարողանա լուծի և ոչ ոքի վրա հույս չպետք է դնի․ քաղաքագիտության առաջին աքսիոմն է»,– ասաց Դանիելյանը։

Քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չգիտի ինչ քաղաքականություն է վարում, սակայն, տարբեր ազդեցությունների տակ է, մի՛ կողմից պետք էր պատճառ գտներ՝ թե ինչո՞ւ չի գնում հանդիպումներին, մյուս կողմից էլ մտահոգված է միանգամից խզել ՌԴ–ի հետ հարաբերությունները, իսկ ՌԴ–ի հետ խզել հարաբերությունները շատ բարդ է, հաշվի առնելով կախվածությունները, որն ունի Հայաստանը՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական։

«Այս ամենի հետ մեկ տեղ՝ հաշվի առնելով ռուս–իրանական հարաբերությունները և Իրանի նշանակությունը և ազդեցությունը տարածաշրջանում, նաև նկատի ունենալով, որ ռուս–ադրբեջանական հարաբերություններն ավելի են սերտանում, իսկ Ադրբեջանը սպառնալիք է Հայաստանի համար, դրա համար էլ գործող վարչապետն ընտրել է երկրորդ անձ, անուղղակի եղանակով շեշտադրումն արել է Լուկաշենկոյի վրա ու իր խնդիրը ո՛չ թե Վլադիմիր Պուտինն է, Ռուսաստանն է, այլ՝ Բելառուսը և Լուկաշենկոն»,– նշեց քաղաքագետը։

Լուկաշենկոն, ըստ Դանիելյանի, այն անձնավորությունն է, որ դրա համար բազմաթիվ առիթներ և պատճառներ ստեղծել է, հաշվի առնելով իր հայտարարությունները, իր համագործակցությունն Ադրբեջանի հետ մինչև պատերազմ և պատերազմից հետո, Շուշիի այցելելն և այլն, «հարմար մի պահ է, որ գործող վարչապետն օգտագործում է, որ չթիրախավորի Ռուսաստանի նախագահին, երկրորդ անձ է ընտրել»։

«Փաշինյանը ինչ–որ պարտավորություններ արդեն ունի Արևմուտքի հանդեպ, բայց խուսափում է կոնֆլիկտի մեջ մտնել ՌԴ–ի նախագահի հետ, դրա համար միջին և անհասկանալի քաղաքականություն է վարում՝ ո՛չ ԵԱՏՄ–ից է դուրս գալիս, ո՛չ ՀԱՊԿ–ից։ Քաղաքականություն, որ հարվածների տակ է դնում Հայաստանին»,– եզրափակեց Դանիելյանը։

Մարիաննա Արամյան