Արցախում իշխանափոխությունը խնդիրներ է ստեղծում Փաշինյանի ու իր սատելիտների համար

Այսօր Արցախի Հանրապետության օրն է: 90-ականների սկզբին բարդ ժամանակներ էին ու Արցախը պայքարում էր իր ապագայի համար, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն այսօր ավելի ծանր օրեր է ապրում, քանզի խոսքը իր լինելության մասին է: Ու, ցավոք, Արցախի գոյաբանական խնդրի առջև կագնելու հեղինակներից մեկը նաև ՀՀ իշխանությունն է:
Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ զարգացումներ սպասել՝ հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանը պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել, իսկ Ադրբեջանը շարունակում է սեղմել օղակը հայկական երկրորդ պետության շուրջ: Այս մասին MediaHub-ը զրուցեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ:
Վերջինիս խոսքով, Արցախում քաղաքական էլիտան բաժանվել է երկու մասի: Մի մասը գործող նախագահ Արայիկ Հարությունյանն է և այդ թևին կարելի է դասել նաև Սամվել Բաբայանին, Տիգրան Պետրոսյանին և մի շարք այլ գործիչների, ովքեր փաստացի հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի դաշնակիցները և պատրաստ են ցանկացած քայլով կյանքի կոչել և իրագործել նրա ծրագրերը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուն:
«Մենք կարող ենք տեսնել, որ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին ամեն հնարավոր բան անում էր, որպեսզի խնդիր չունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերի և պայմանավորվածությունների մասին։ Այդ թվում նաև Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին է տեղյակ եղել, սակայն թաքցրել է անգամ իր թիմակիցներից և կուսակիցներից, ովքեր վրդովվել են այդ հայտարարությունից»,- ասաց վերլուծաբանը:
Մյուս կողմից, շարունակեց նա, Արցախում ունենք ձևավորված քաղաքական էլիտայի մի թև, որը դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Այս թևին կարելի է դասել թե՛ նախկին նախագահներին, թե՛ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, թե՛ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրանք ամեն կերպ փորձելու են թույլ չտալ այդ վատագույն սցենարի զարգացումը, չնայած այն բարդագույն իրավիճակին, որում հայտնվել է Արցախը Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի քաղաքականության հետևանքով: Բայց, վստահ է Խալաթյանը, այս թևի հետ մարդիկ պայքարելու են։
«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հենց ներքին բախումների և ներքին պայքարի արդյունք է։ Մնում է միայն հուսալ, որ երկրորդ թևին կհաջողվի փրկել Արցախը և դուրս բերել այն աղետից ու ճգնաժամից, որի մեջ Արցախը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի քաղաքականության հետևանքով»,- եզրափակեց Հայկ Խալաթյանը:
Հիշեցնենք, նախօրեին Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովին ներկայացրեց հրաժարականի իր դիմումը: Ըստ օրենքի, ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովն է նախագահ ընտրում՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո»։
Մարիա Զարգարյան