Բերքը 100%-ով վնասվել է․ կարկուտը սրբել-տարել է Ճոճկանի այգիները, պտղատու ծառերն ու ջերմոցային տնտեսությունները

Բերքը 100%-ով վնասվել է․ կարկուտը սրբել-տարել է Ճոճկանի այգիները, պտղատու ծառերն ու ջերմոցային տնտեսությունները

Լոռու մարզի Ճոճկան համայնքում անցած տարվա մայիսին տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղից դեռ ուշքի չեն եկել։ Գրեթե ամեն ինչ մեկ օրում կորցրած գյուղացիներն այս տարի կանգնեցին նոր աղետի առաջ. երեկ տեղացած կարկուտը սրբել-տարել է ամեն ինչ։ 

«Կարելի է ասել՝ բերքը 100%-ով վնասվել է։ Թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերի այգիներն ու պտղատու ծառերը և թե՛ ջերմոցային տնտեսություններն ամբողջովին վնասվել են»,- MediaHub-ին փոխանցեց ճոճկանի վարչական ղեկավար Արա Սիրադեղյանը։ 

Համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն, Սիրադեղյանի հավաստմամբ՝ դրանց գործարկումն անգամ չի օգնել, որպեսզի փրկեն գյուղացու բերքը։ Կառավարության կողմից փոխհատուցման մասով առայժմ արձագանք չկա։ 

«Էս պահին գույքագրում ենք վնասների չափը, տեսնենք ինչ կլինի։ Անցած տարի ջրհեղեղը մեր ունեցածը քշեց- տարավ, էս տարի՝ կարկուտը։ Ոչ մի բան չի մնացել, բոլոր այգիներում ու հողամասերում բերքի կորուստ ունենք»,-նշեց նա` մեջբերելով ժողովրդական հայտնի խոսքը՝ «կարկուտը ծեծած տեղը ծեծեց»։ 

Սիրադեղյանը նաև նշեց, որ ուժեղ ու խոշորահատիկ կարկուտ է տեղացել նաև հարևան Շնողում, ինչպես նաև Տավուշի մարզում։  

Հունան Թադևոսյան