Եթե «Նոլդը Փաշինյան» երգը Ադրբեջանում հիթ չդառնար, ապա այսօր հեռուստաեթերում չէին ծաղրի Արցախի ղեկավարներին
Ադրբեջանական հեռուստաշոուներից մեկի բեմադրությունը հերթական անգամ նվիրված էր Բաքվում մեկ տարի շարունակ ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որտեղ լեփ-լեցուն դահլիճի առաջ դերասանները նմանակում են հենց նախագահներին։ Թիրախում հատկապես Արցախի 3-րդ նախագահ Արայիկ Հարությունյանն էր։
«Անբարոյականությունն այդ երկրում վաղուց կորցրել է չափի զգացողությունը։ Բոլորը խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց ոչ ոք դա կանխելու փորձեր չի անում։ Հիմա շատերը կասեն՝ դե, հաղթող կողմ է, իրենց լսարանի համար հումորային բեմադրություն են կազմակերպել։ Այո, դա կարող են անել, բայց ոչ հեռուստատեսային տարբերակով, հետո տարածեն սոցիալական մեդիայում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանի մտերիմներից մեկը։
Նրա կարծիքով, Ադրբեջանին լավագույնս կսանձի Ռուսաստանը։ Նման հաղորդումները, որոնք ոտնահարում են մարդու արժանապատվությունը, մատուցվում են հեգնանքի տրամաբանությամբ՝ ազգային պատկանելիության հիմքով, և պետք է արժանանան խիստ դատապարտման։
«Արդեն որերորդ անգամ մենք ականատես ենք լինում այսօրինակ դեպքերի։ Օրինակ, 2020 թվականից հետո հայտնի «Նոլդը Փաշինյան» երգը Ադրբեջանում դարձել է հիթ։ Այդտեղ էլ հեգնում են ՀՀ վարչապետին։ Ինչ որ մեկը բան ասա՞ց։ Այն ժամանակ եթե կանխվեր, ապա այսօր ականատես չէինք լինի Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ծաղրանքին՝ հանրային տիրույթում»,-եզրափակեց նա։
Հունան Թադևոսյան