Փաստորեն, նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը. Վազգեն Սաղաթելյան

Բնականաբար, չեմ ընդունում մեղադրանքը և, առհասարակ, չեմ հասկանում իրենց վիճարկման առարկա հանդիսացող փաստարկները, քանի որ ես ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը:
Նշենք, որ այսօր նշանակված էր «Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի». պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց մինչև օգոստոսի 14։
Սաղաթելյանը նշեց, որ իր համար պարզ է, թե իրեն ինչի համար են մեղադրում.
«ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ավելին՝ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, որոնք վերջին երկու տարիներին գտնվում են Հայաստանում, գիտեն, որ Խաչատուր Սուքիասյանը համարվում է ամենահին օլիգարխներից մեկը։ Բայց նա այդ բառից վիրավորվում է։ Փաստորեն, նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը: Խաչատուր Սուքիասյանն այն քաղաքական գործիչն է, որը պարբերաբար անում է շատ տարբեր հայտարարություններ, սակայն անհանդուրժող է մյուս հիմնավորված հայտարարությունների նկատմամբ»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը: