Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով, Հերթական պահանջը ցայտնոտի մեջ է գցել կուսակիցներին․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով, Հերթական պահանջը ցայտնոտի մեջ է գցել կուսակիցներին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումն է ունեցել ԱԺ ՔՊ ֆրակցիայի հետ: Ներկա են եղել նաեւ կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ: Ըստ  պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ:

Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը: Համարյա մեկ տարի է՝ մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք: Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ: Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը` Նիկոլին պատերազմով վախեցնելով:

 

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրի ՔՊ-ականներից բացի արտահերթ ընտրություններին «սուպեր» արդյունքներ պահանջելուց, հրահանգել է , որ կուսակիցները ժողովրդին համոզեն, որ վարչապետը ինչ որոշումներ որ կայացնում ու կայացնելու է դրանք բացառապես հպարտ քաղաքացու շահերից է բխելու։

Թե ինչ կայանալիք որոշումների մասին է խոսքը վերջինս չի մանրացել: Ինչը, ըստ նույն աղբյուրների, ցայտնոտի մեջ է գցել թիմակիցներին։ «Տեսնես հիմա ինչ է որոշելու հետո սաղիս փայատեր դարձնի»,- պատերի տակ սկսել են խոսել թիմակիցները»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի շոու-դատավարությունը Հայաստանի հանրության ներկայիս ամենացավոտ հարցերից մեկն է: Ընդ որում, բնակչությունը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ինչ-որ կերպ օգնելու, աջակցելու հարցում. ի մասնավորի, 42 տոկոսը կարծում է, որ օգնություն ընդհանրապես չկա, իսկ 23 տոկոսը կարծում է, որ եթե կա էլ, ապա արդյունավետ չէ:

Նման արդյունքներ են ստացվել Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքում: Միևնույն ժամանակ 29 տոկոսը կարծում է, որ գերեվարման մեղքը Հայաստանի իշխանություններինն է, 27 տոկոսը՝ Ադրբեջանինը, իսկ 18 տոկոսը՝ Ռուսաստանինը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ մշակել և հանրաքվեի դնել ՀՀ նոր Սահմանադրություն, որում Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով պետք է չհիշատակվեն Արցախն ու Հայոց ցեղասպանությունը, ապա, հարցման արդյունքներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը սկզբունքորեն դեմ է դրան:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եվրաինտեգրման գաղափարն էլ առանձնապես դրական արձագանք չունի: Հարցման տվյալներով, եթե այս կիրակի լիներ ԵՄ անդամակցության հանրաքվեն, ապա 40 տոկոսը դեմ կքվեարկեր, 23 տոկոսը՝ կողմ: Իսկ ահա մոտ 20 տոկոսն ասել է, որ չէր գնա հանրաքվեին: Այս հացում չկողմնորոշվածների թիվը շատ մեծ չէ՝ մոտ 10 տոկոս:

 

«Հրապարակ» գրում է․ Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ «մասսովկա» ապահովել։ Բանն այն է, որ նույն օրը, վարչապետի այցից 1 ժամ առաջ, համայնքի կենտրոնում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։

Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է, համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն «ախրաննիկներով» քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարեւել, նկարվել եւ արագ հեռացել։ «Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ»,- պատմեց փարաքարցի մի կին։