Հալեպը հրթիռակոծվում է, բնակչությունն ապաստարաններում է, փակ է Հալեպ-Դամասկոս կյանքի ճանապարհը

Մերձավոր Արևելքում կրակը չի դադարում։ Լիբանանում հաստատված կրակի դադարից հետո՝ հրետակոծությունների սլաքները տեղափոխվել են Սիրիա։ Երկիր, որը վաղուց դարձել է աշխարհի հակամարտությունների թատերաբեմը։
«Երկար ժամանակ այստեղ ոչ մի կրակ ու ռմբակոծություն չի եղել, կյանքը շատ դժվար էր հետպատերազմական փուլում, բայց մենք մնացել ենք։ Նույնիսկ լիբանանյան պատերազմի օրերին հազարավոր գաղթականներ ենք հյուրընկալել Հալեպում, հոգ տարել նրանց մասին, հիմա նորից մենք ենք հայտնվել կրակի տակ»,- MediaHub-ի հետ զրույցում Հալեպի իրավիճակը ներկայացրեց Գևորգ Ճոսլակյանը։
Ո՞վ է հրթիռակոծում Հալեպը, Սիրիայում ապրող մեր հայրենակցները տեղյակ չեն, սակայն վստահ են, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Ազատ բանակ»-ի մարտիկներն են և կամ Իսրայելի բանակը։
«Լիբանանի զինադադարի օրը հրետակոծվեցին Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից գյուղական բնակավայրերը։ Այսօր առավոտյան պատերազմը տեղափոխվեց Հալեպ։ Այս պահին երկկողմանի փակ է Հալեպ-Դամասկոս կյանքի ճանապարհը։ Խոսակցություններ կան, որ զինյալներն արդեն մտել են Հալեպ, քանի որ կրակոցները շատ մոտ են»,- ասաց Գևորգը։
Հալեպի հրետակոծվող թաղամասերի բնակիչներն այս պահին ապաստարաններում են։ Ըստ մեր զրուցակցի՝ կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ խաղաղ բնակչության կյանքի փրկության համար։
Նշենք, որ նախօրեին արտասահմանյան գործակալությունները հաղորդեցին, որ միջազգային աջակցություն ստացող զինյալ խմբավորումների կոալիցիան, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, խոշոր հարձակում է սկսել Հալեպ նահանգում սիրիական ռազմական դիրքերի դեմ: Ինտենսիվ բախումների արդյունքում երկու կողմերից զգալի զոհեր կան: Հայտնի է, որ գրոհայինները գրավել են Հալեպից և Իդլիբից արևմուտք գտնվող առնվազն տասը շրջաններ։
Հունան Թադևոսյան