Փաշինյանի «նազիրը»

Փաշինյանի «նազիրը»

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով այս օրերին անգնահատելի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին։

Ինչո՞ւ են թիրախավորում Արման Թաթոյանին

«Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո` այս 2 օրը, որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարևորագույն գործով»: Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում. իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում»: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքի էջն էլ, երկրի արդիական հարցերը թողած, այս հարցը համարելով ֆունդամենտալ կարևորության, սկսեց առաջինը հրապարակումներ անել` բացահայտ ցույց տալով իր քաղաքական կողմնորոշումը: Դրան էլ հաջորդեցին ուղղորդված կեղծ էջերից արշավները ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Կարծում եք խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի է՞ջն է։
Իհարկե՝ ոչ։
Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Արման Թաթոյանի բարձր վարկանիշը, որի ստվերի տակ ավելի ակնհայտ է դառնում «հեղափոխության առաջնորդի» էլեկտորալ անկումը։ Փաշինյանն ավանդական վախերի մեջ է։
Թեև Թաթոյանն ասել է, որ ընդդիմադիր գործունեություն ծավալելու մտադրություն չունի, բայց կասկածամտությունը Փաշինյանին հանգիստ չի տալիս։ Նա, ըստ ամենայնի, կարծում է, որ Թաթոյանն՝ իր բարձր վարկանիշով, կարող է ընդդիմադիր նոր բևեռի առանցք դառնալ, ինչի հետևանքով գուցե իշխանության իրական այլընտրանքի հարցը լուծվի՝ փակուղային իրավիճակ ստեղծելով Փաշինյանի համար։
Ահա, այս նպատակով է Փաշինյանն Արայիկ Հարությունյանին հանձնարարել՝ ամեն գնով կոմպրոմատներ գտնել Արման Թաթոյանի դեմ։ Իրական կոմպրոմատներ չեն գտել, դրա համար էլ՝ օրակարգ է եկել Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի ծիծաղելի ու մտացածին թեման։

Լուզեր Արայիկը

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի թիմի ամենավարկաբեկված կադրերից մեկն է, որի նկատմամբ հասարակությունը կոնսոլիդացված բացասական կարծիք ունի։ Հասարակական ակտիվ խմբերը Հարությունյանի հրաժարականը պահանջում էին նույնիսկ մինչև պատերազմը, երբ նա ԿԳՍՄ նախարար էր ու պարբերաբար հանդես էլ գալիս ոչ պոպուլյար նախաձեռնություններով։ Հիմա էլ Հարությունյանը կատարում է Փաշինյանի ամենակեղտոտ հանձնարարությունները՝ վերահսկելով նաև, այսպես կոչված, ֆեյքերի ֆաբրիկան։
Արայիկ Հարությունյանը այս լուզեր իշխանության հավաքական դեմքն է։

 

Վահրամ Բագրատյան