Մետրոյի «Հանրապետության» կայարանում կմեկնարկի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով

Մետրոյի «Հանրապետության» կայարանում կմեկնարկի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով

Ի պատասխան Mediahub-ի երեկվա հրապարակման՝  Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է․

«Հարգելի՛ ուղևորներ, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու  հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով։

Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»։

Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ Հանրապետության հրապարակ կայարանի միջսյունային հատվածը դեղին գույնով ներկված է գրեթե 1 ամիս։ Ներկը հիդրոծածկիչ հատկություն ունի։

«Տրանսպորտային համակարգում դեղին գույնը զգոնացնող, զգուշացնող նշանակություն ունի, այդ իսկ պատճառով ընտրվել է դեղինը։ Հավելյալ նշեմ նաև, որ շարժասանդուղքի աստիճանածածկույթի եզրաշերտերի գույնը նույնպես դեղին է։ Նպատակ ենք ունեցել որոշակի չափով պահպանել գունային լուծման ամբողջականությունը»,- նշել էր մեր զրուցակիցը։