Այս իշխանությունն իրավունք չունի հայերի անունից ընդունել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը․ Մելքոնյան

Հայ-թուրքական բանակցությունները կոորդինացվում են Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ թուրքական տարբեր պաշտոնյաների հայտարարություններն անփոփոխ են, այսինքն՝ շարունակում են մնալ նույնը վերջին երեսուն տարվա ընթացքում։

«Թուրքիան շարունակում է պահպանել իր կարմիր գծերը։ Մեր՝ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում, բացի այդ, նրանք ուզում են, որ մենք անգամ հոգեբանորեն հրաժարվենք Կարսի պայմանագրից։ Այսինքն՝ Թուրքիայից հետքայլ չկա, միակ հետքայլը մերն է»,- նշեց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացրած հինգ կետերին, չի կարող այս իշխանությունն ընդունել դրանք, քանի որ ՀՀ քաղաքացիները նրան ձայն չեն տվել այդ կետերը վավերացնելու համար։

«Այդ հինգ կետերն հակահայկական այսբերգի մի հատվածն են։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությունը ցույց էր տալիս, որ վտանգավոր բանակցություններ կան, և հիմա, կարծեք թե, արդեն երևում է, թե ինչի մասին էր խոսվում»,- նշեց նա։

Ըստ Մելքոնյանի՝ հիմա ժողովուրդը պետք է իր ձայնը բարձրացնի և ուղիղ մեսսիջ տա՝ այս հարցում ժողովուրդը համաձայն չէ, և Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայ ժողովրդի կողմից չեն ընդունելու այդ կետերը։

«Կարծում եմ, որ ակնհայտ է՝ ժողովրդի ցասումն ավելի է մեծանում»,- շեշտեց Մելքոնյանը։