Նիկոլ Փաշինյանը և Մոսթաֆա Մադբուլը քննարկել են Հայաստան-Եգիպտոս առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Մոսթաֆա Մադբուլը քննարկել են Հայաստան-Եգիպտոս առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի հետ: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Վերջինս ողջունել է Փաշինյանի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի: Պարոն Մադբուլը նշել է Փաշինյանի արդյունավետ հանդիպումները երկրի նախագահի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ` տնտեսական կապերի ամրապնդման ու առաջմղման նպատակով: Միաժամանակ, Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ: Նա հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Մոսթաֆա Մադբուլը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

Մտքեր են փոխանակվել նաև Եգիպտոսի նոր վարչական քաղաքի, ինչպես նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարական գործընթացին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում: