Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կսկսի 2022-ի սեպտեմբերի նման գործողություններ․ Վրթանեսյան

Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կսկսի 2022-ի սեպտեմբերի նման գործողություններ․ Վրթանեսյան

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի բացասական արձագանքներին, այսօր Բրյուսելում կկայանա Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։ 

Ի՞նչ կարող ենք սպասել դրանից, արդյո՞ք Ադրբեջանի հոխորտանքները նաև գործնական փուլ կանցնեն․ MediaHub-ն այս հարցերի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

«Ես անկեղծ ասած չեմ հետևում՝ ինչ է անում Փաշինյանը, կամ դրան ինչպես են արձագանքում Ադրբեջանն ու Թուրքիան։ Բայց իմ գծով կարող եմ ասել, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կսկսի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի նման գործողություններ։ Բայց դա ոչ թե կապված է ինչ-որ հանդիպման հետ, այլ զուտ Ադրբեջանը պատրաստ է նմանատիպ գործողությունների։ Այսինքն՝ ռազմական առումով։ Ու հաշվի առնելով ՀՀ ԶՈւ ողբալի վիճակը` Ադրբեջանին խանգարող ռազմական լուրջ գործոն այս պահին չկա։ Ու քանի դեռ Ադրբեջանի համար ի դեմս հայկական ԶՈւ-ի զսպող գործոն չկա, այդ հավանականությունը միշտ կա»,- նշեց ռազմական փորձագետը։

Ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ, ըստ Վրթանեսյանի, այս պահին չկա։
«Գուցե սխալվում եմ, խնդրում եմ այս մասը ֆիքսել, որ գուցե սխալվում եմ, բայց այս պահին ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ ես չեմ տեսնում։ Ադրբեջանում նախապատրաստվում են միշտ, բայց մեծ գործողությունների պատրաստ լինելու վկայություններ ես դեռևս չեմ տեսնում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այդ գործողությունները հենց Տավուշում էլ կսկսվեն՝ հաշվի առնելով չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ոսկեպարցիների արձագանքը, Կարեն Վրթանեսյանն ասաց՝ չի կարող ասել, թե որտեղ ու ինչ սցենարով կլինի դա։

«Նիկոլը էն կարգի ա ավիրել մեր պաշտպանական համակարգը, որ թշնամին ունի գործողությունների ընտրության լայն հնարավորություն՝ որտեղ, ինչ, ինչ ֆորմատով։ Թե որ պահին ինչ ու ոնց կլինի, չեմ կարող ասել»,- ամփոփեց խոսքը ռազմական փորձագետը։

MediaHub-ը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս զանգահարել էր թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ այն, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը չի հետաձգվել, չնայած Ադրբեջանի դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։

Նարե Գնունի