«Աստծով, հույսով ու մեծ հավատով սպասում ենք Բաքվից հորս վերադարձին». Խաչատրյանի դուստրը հույսը չի կորցնում

«Աստծով, հույսով ու մեծ հավատով սպասում ենք Բաքվից հորս վերադարձին». Խաչատրյանի դուստրը հույսը չի կորցնում

Ի տարբերություն Բաքվում պահվող մյուս գերիների ու պատանդների՝ Վագիֆ Խաչատրյանն ընտանիքի հետ կապ է հաստատում ամսվա կտրվածքով մեկ անգամ։ 

«Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 30-ին։ Ու չնայած մեր անհանգստություններին, ինքն է գերությունից մեզ հանգստացնում, խորհուրդներ տալիս, հորդորում, որ միասնական լինենք, միմյանց մասին հոգ տանենք, իր մասին չանհանգստանանք։ Ասում է ՝ «ես կյանքս ապրած, տարիքս առած մարդ եմ, դուք լավ կացեք»»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Խաչատրյանի դուստրը՝ Ծովինարը։

Դստեր խոսքով՝ տեսագրությամբ, որը Կարմիր խաչի միջոցով փոխանցվում է ընտանիքին, հոր տեսքը վատ չէ։ Ինքն էլ բողոքներ չունի, պարզապես կարոտը խեղդում է։

«Հեռախոսազանգի այդ մի քանի րոպեների ընթացքում հասցնում է լուր իմանալ բոլորից, շատ է կարոտում։ Դե, մեր ապրումների մասին էլ չասեմ, Աստծով, հույսով ու մեծ հավատով սպասում ենք հորս վերադարձին։ Պահման պայմաններն, ըստ իրեն, վատը չեն։ Սնունդն ու դեղորայքը տալիս են ժամանակին, բայց մենք ուզում ենք, որ  մեր հայրը մեր կողքին լինի, մեր խնամքի տակ»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախորդ տարվա հուլիսին Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան, սակայն Լաչինի միջանցքի Հակարիի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են, ավելի ուշ Բաքվում դատապարտել նրան 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանական կողմի մեղադրանքում նշվում է, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։ Ծովինարը, սակայն, զարմանում է այդ մեղադրանքներից։

«Հայրս կապ չունի այդ գործողությունների հետ։ Ուղղակի անուն ազգանունը նույնականացվել է արցախցի մեկ այլ տղամարդու հետ։ Չգիտեմ՝ ե՞րբ կամ ինչպե՞ս, վստահ եմ, մի օր՝ մի հրաշքով, հայրս կարդարացվի։ Գուցե համաներում կլինի... ամեն դեպքում՝ սպասում եմ այդ հրաշքին»,- եզրափակեց գերեվարվածի դուստրը։

Հունան Թադևոսյան