Գևորգ Պետրոսյանը հաղթել է դատարանում․ ի՞նչ է հայտնի

Գևորգ Պետրոսյանը հաղթել է դատարանում․ ի՞նչ է հայտնի

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինա Տասչյանի նախագահությամբ, բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի։

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պետրոսյանը վերականգնվելու է ԵՊՀ-ի իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Անվավեր է ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի՝ 2023-ի հունիսի 23-ի` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին հրամանը։

Նշվում է, որ եթե պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի նշված վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։ Պատասխանողը գրավոր առարկություն էր ներկայացրել դատարանին ու հայտնել, որ ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։ Պատասխանողը հայտնել է, որ աշխատանքից հայցվորն ազատվել է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով, ծանուցումն ուղարկվել է վերջինիս համալսարանի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին, և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը արձակվել է օրենքի պահանջներին համապատասխան։

Պատասխանողը պնդել է իր առարկություններն ամբողջությամբ։

Վճռում նշվում է, որ Գևորգ Պետրոսյանը սկսած 1996 թվականից մշտապես աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել համալսարանի հետ։ Ավելին, դատարանն արձանագրել է նաև, որ Պետրոսյանը համալսարանում մշտապես դասավանդել է նույն առարկան՝ աշխատանքային իրավունք։

Աշխատանքային հարաբերությունների ձևավորման պահից սկսած, ելնելով աշխատողի զբաղեցված պաշտոնին վերագրվող պարտականություններից, աշխատանքի բնույթից և պայմաններից, գործատուի ու աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները կարող էին հստակ որոշվել անորոշ ժամկետով, մինչդեռ աշխատանքային հարաբերությունները սահմանափակվել են որոշակի ժամկետով:

Դատարանը հատուկ նշել է, որ հայցվորի կողմից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում դասավանդվում է աշխատանքային իրավունք առարկան, որն իրավագիտության առանցքային իրավունքի ճյուղերից է հանդիսանում և դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ դադարեցվի աշխատանքային իրավունք առարկայի դասավարդումը։ Այն, որ գործի քննության պահին նշված առարկան ևս դասավանդվում է համալսարանում, դատական նիստում հաստատեց պատասխանողի ներկայացուցիչը։

Դատարանը նշել է, որ անհատական իրավական ակտերում հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները որոշակի ժամկետով սահմանափակող պայմանները հակասում են Աշխատանքային օրենսգրքին, հետևաբար դրանք իրավաբանական ուժ չունեն․ «․․․Ինչ վերաբերում է պատասխանողի այն դիրքորոշմանը, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատանքային պայմանագրերը որոշակի ժամկետով կնքելն ամենևին էլ ինքնանպատակ չէ․ դա կատարվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատված ուսումնական պլանը և կոնկրետ դասախոսի ուսումնական բեռնվածությունը հաշվի առնելով, ապա դատարանը գտնում է, որ պատասխանողի նման պատճառաբանությունն անհիմն է, քանի որ աշխատանքային բեռնվածությամբ պայմանավորված թեև կարող են որոշակի փոփոխության ենթարկվել աշխատանքի էական պայմանները, սակայն դատարանի գնահատմամբ կոնկրետ աշխատանքային հարաբերությունների բնույթով պայմանավորված դրանք չեն կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի տեսակի փոփոխության»։

Դատարանը նաև ոչ օրինաչափ է համարում պատասխանողի կողմից իրականացված` Գևորգ Պետրոսյանին աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու գործընթացը։

Դատարանը գտել է, որ Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ։