Փաշինյանի ու Ալիևի բանավեճը՝ ԵԱՏՄ նիստի ընթացքում (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, և այդ հիմքով բավանական հաջող առաջ ենք ընթանում հարաբերությունների կարգավորման համար։
«Մենք դա անվանում ենք հայկական խաչմերուկ»,-նշել է նա՝ ի պատասխան Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է»,-նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայասստանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր հաղորդակցություների ապաշրջափակմանը, որոնք անցնում են ՀՀ տարածքով՝ ՀՀ սուվերենության և իրավական շրջանակներում։
Ալիևը շարունակել է բանավեճը՝ ասելով, որ ՀՀ–ից տարածքային նկրտումներ չունեն։
«Ինչպիսի երևակայություն պետք է ունենալ, որ իմ խոսքում այդպիսի բան տեսնել»։ Միջանցք բառը միջազգային տերմին է և չի նշանակում որևէ մեկի տարածքի հանդեպ նկրտում», նշել է նա ևս մեկ անգամ ընդգծելով, որ ոչ մեկի տարածքային ամբողջականություն չեն խախտում, հատկապես, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
Բանավեճին միջամտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարելով, որ «միջանցք», «ճանապարհ» տերմիններն իրավական հասկացություններ են, դրանում կա տարաձայնություն, սակայն շատ ավելի կարևոր է, որ սկզբունքային հարցի՝ տարածքային ամբողջականության հարցի շուրջ կա պայմանավորվածություն։ Ըստ նրա, սա հիմք է, որ մյուս հարցերի շուրջ ևս պայմանավորվածություններ ձեռք բերվեն։