Իշխանությունն արձագանքել է բողոքի ակցիայի մասնակիցների կոչին

Իշխանությունն արձագանքել է բողոքի ակցիայի մասնակիցների կոչին

Այսօր` հուլիսի 12-ին, Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` վերջինս նախ պատասխանել է հավաքի  մասնակիցներին հուզող հարցերին,  այնուհետև նրա ուղեկցությամբ  նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո պետնախարարը կրկին հանդիպել է հավաքված հանրության հետ եւ հայտարարել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջել ժողովրդի  պահանջներին։«Քննարկման արդյունքում երկրի նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-ին և 15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք հստակ որոշում միջանցքը ապաշրջափակելու և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններին լուծում տալու վերաբերյալ։ Բոլորս հասկանում ենք, որ եթե այդ համաժողովրդական շարժումն է  իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բոլորս միասնաբար առանց տարբերակման մասնակցելու ենք այդ շարժմանը։ Պետական աշխատողներն ինչ-որ տեղ զսպվածություն են ցուցաբերում, բայց այս դեպքում պետական ծառայող, ոչ պետական ծառայող չի լինելու»,-ներկայացրել է պետական նախարարը։

Շարժման նախաձեռնողները շնորհակալություն են հայտնել իշխանություններին արագ արձագանքելու համար,  եւ նրանց կողմից որոշում է կայացվել սպասել եռակողմ հանդիպման արդյունքներին: Նշվել է, որ առաջիկա անելիքների մասին նախապես կհայտարարվի: