150 էջ լոլո, Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է ․ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։ Զեկույցում տեղ է գտել բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքի մասին վիճակագրություն:
Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:
Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթություն է»։
Զեկույցը խորհրդարանում քննարկվելու եւ ընդունվելու է ի գիտություն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան: Դա է պատճառը նաեւ, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու եւ Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաեւ առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում:
Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի»:
«Հրապարակ» գրում է ․ Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը` հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով: Նա ամեն ինչ անում է ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։ Ֆուտբոլային անցուդարձից եւ ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», եւ այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է: «Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի` իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է` Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, եւ դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։ Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաեւ նյութական իմաստ ունի` գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում։