Ձմեռ պապիկից կյանք խնդրած 9-ամյա Կարոյի դեղերը սպառման եզրին են․ շրջափակված Արցախում կյանքի կռիվ է

«Մամ, մամա կյանքս 10 օրով էլ երկարեց»,- արցախցի իննամյա Կարոյի այս խոսքերը շատերը կհիշեն։ Բլոկադայի 26-րդ օրվա ընթացքում երեխայի դեղերի մի մասը ճարել հաջողվել էր, ինչին էլ նա այսպես էր արձագանքել։
Իսկ այսօր՝ բլոկադայի 29-րդ օրվա ընթացքում, դեղատներն արդեն դատարկն են, իսկ փոքրիկը կյանքի կռիվ է տալիս։
«Ամուսինս էր մի քանի դեղ գտել, Երևանից Կարմիր Խաչի օգնությամբ կարողացավ տեղ հասցնել։ Մեր ընտանիքն էլ է մասնատված, ամուսինս Երևանում է, երեք երեխաներս ու ես՝ Արցախում։ Դա էլ բախտի հարց է, որ գոնե ինքն այդտեղ է, կարողանում է դեղերը գտնել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարոյի մայրը՝ տիկին Նառան։
Նա նշեց, որ որդին էպիլեպսիա, շաքարային անկանոնություն և առողջական այլ խնդիրներ ունի, ինքնուրույն դուրս գնալ չի կարողանում, բժիշկներն էլ Երևանում են։
«Սա աղետ է, իմ խոխի պես էլի հիվանդներ կան, մարդիկ ի՞նչ անեն։ Սրտային խնդիր ունեցողներն էլ են շատ, ու հիմա փաստի առաջ են կանգնած, իրենց դեղերն էլ են քչություն անում։ Երևանից էլ դեղ ստանալը մեծ բարդություն է առաջացնում, Կարմիր Խաչին մի կերպ ենք կարողանում դիմել, իրենք էլ որքան հնարավոր է՝ օգնում են»,- ասաց նա, ապա հավելեց, որ իր ամուսինը փորձել է շատ դեղեր ուղարկել, սակայն չի ստացվել։
Հարցին, թե արդյո՞ք իրենք դիմել են Կարմիր Խաչին, որպեսզի երեխային տեղափոխեն Երևան՝ բուժման, տիկին Նառան պատասխանեց, դիմել է ում հնարավոր է, սակայն նույն պատասխանն է՝ ծայրահեղ ծանր, «անհույս» հիվանդներին կարող են միայն տեղափոխել։ Իսկ այն, որ երեխան խնդիրներ ունի, բայց ոտքի վրա է, որևէ մեկի աչքին, ըստ արցախցի կնոջ, չի երևում։
«Ահագին հետազոտություններ պիտի անցնի երեխաս, քսան օր Երևանում պառկած էինք, եկանք Արցախ, ու մնացինք այստեղ։ Միջնեկ տղաս էլ առողջական խնդիրներ ունի, նա էլ էր պառկած հիվանդանոցում, եկանք Արցախ, որ հունվարի երկուսին հետ դառնանք՝ բուժումը շարունակելու»,- ասաց տիկին Նառան, ապա նշեց, որ դեկտեմբերի 12-ը ամբողջովին փոխեց իրենց կյանքը։
Հիշեցնենք, որ թշնամին հենց այդ օրը՝ դեկտեմբերի 12-ին փակեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով հայկական երկրորդ պետությունը հայնտվեց գերության մեջ։ Այս ամենը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի՝ սպառման եզրին է սնունդը, դեղորայքը, վառելիքը։
Նարե Գնունի