Ցավալի է, բայց Թուրքիան պատրաստ չէր նման երկրաշարժի․ թուրք լրագրողի հարցազրույցը՝ MediaHub-ին

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հատել է 18 000-ի շեմը։
MediaHub-ը զրուցել է թուրք լրագրող Վահապ Օզդեմիրի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է Թուրքիայում։
Վահապ Օզդեմիրը ծնունդով Մալաթիայից է։ Երկրաշարժի գոտում հարազատներ ունի, սակայն վերջիններին ոչինչ չի պատահել։
-Ինչպիսի՞ վիճակ է Թուրքիայում։ Անհրաժեշտ օգնությունն ամբողջությամբ ստանո՞ւմ եք։
-Սեյսմավտանգ գոտիներում իրավիճակն ընդհանրապես լավ չէ։ Պաշտոնական կառույցների ուժերը բավարար չէին, հատկապես, փրկարարաորոնողական ոլորտում։ Երկրաշարժից փրկվածներն ամեն հնարավորության դեպքում խոսում էին AFAD-ի կողմից (Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների հարցերով վարչություն) կոորդինացիայի բացակայության մասին։ Չեն կարողացել ուղարկել նաև այն քաղաքացիներին, որոնք ուզում էին կամավոր մեկնել։ Երկրաշարժի ավերիչ հետևանքների պատճառով ենթակառուցվածքների (ապաստան, ջուր, էլեկտրականություն, կապ) խնդիրներ են առաջացել։ Բացի այդ, լուրջ կերպով ընդհատվել է օդային ու ցամաքային հաղորդակցությունը։ Չնայած այս խնդիրները նվազեցվել են առաջին երկու օրից հետո ստացած օգնությունների հաշվին, միևնույն է, ձմեռային պայմանները շարունակում են ուժեղ ազդեցություն թողնել քաղաքացիների վրա։ Մեր երկրում համերաշխությունն ու միմյանց հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, բայց չեմ կարող ասել, որ նույն իրավիճակն է պետական մակարդակում։ Հարյուրավոր մարդիկ դեռևս անօգնական սպասում են փլատակների տակ, որ իրենց փրկեն։ Ամենացավալին տեսնելն էր, որ պետությունը պատրաստ չէր նման երկրաշարժի։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմին աջակցելու համար, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկելը։
-Կուզեի իմանայիք, որ ես չեմ աջակցում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։ Բացի այդ, այս հարցին պետք է նայել մարդկային տեսանկյունից։ Շատ երկրներ, որոնց հետ Թուրքիան հաճախակի լարված հարաբերություններ է ունենում, հայտնել են իրենց նյութական և բարոյական աջակցության մասին։ Բացի Հայաստանից, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանն ու Իսրայելը, առաջին օրվանից տարածք են ուղարկել որոնողափրկարարական ջոկատներ։ Շնորհակալություն համերաշխ բոլոր երկրներին յուրաքանչյուր օգնության համար։ Ձեր աջակցությունը մարդկանց հույս է տալիս։ Շատ գնահատելի է ամենադժվար պահերին ուս-ուսի լինելը։
-Ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայի քաղաքական դաշտում։ Արդյո՞ք կհետաձգվեն մայիսին սպասվող ընտրությունները։
-Ներկայիս կառավարությունը գալիք օրերին հնարավոր է ընտրությունները հետաձգելուն միտված քայլեր կատարի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, սակայն ներկա պահին հետաձգելու որևէ օրակարգ չկա։ Հիմա շատ դժվար է ընտրությունների հետ կապված որևէ կանխատեսում անել։ Առաջին հերթին մենք պետք է մտածենք երկրաշարժի պատճառած վերքերն արագ բուժելու մասին։
Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրություններն ավելի վաղ կանցկացվեն՝ մայիսի 14-ին:
Լիաննա Թորոսյան