«Կարմիր խաչի» պարզաբանումը, ինչպե՞ս են առևանգել Վագիֆ Խաչատրյանին

Մեր պատվիրակության ղեկավարն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին և երկարատև զրույցի ընթացքում հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից: Այդ մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման հանգամանքին։

Նրա խոսքով՝ իրենք կարողացել են սպառիչ ներկայացնել իրենց կազմակերպության գործելաոճն ու այն մանրուքները, որոնք կարող են թյուրըմբռնման առիթ դառնալ։

«Այս պարգայում կային որոշակի պահանջներ նախաձեռնող խմբի կողմից, և մենք բացատրեցինք, թե ինչու մեր կազմակերպությունն, իր գործելաոճից ելնելով, չի կարող բավարարել: Սակայն միաժամանակ, փորձել ենք հավաստիացնել, որ մեր աշխատանքը տևական է, ընթացիկ, և համաձայն մեր գործելաոճի, մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի  հետագա ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է»,- ասաց նա։

Ամատունին տեղեկացրեց, որ իրենք խնդիրները հասցեագրել են որոշում կայացնող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։

Դիտարկմանը, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների ձեռքից առևանգել են մարդուն, իսկ միակ բանը, որ անում է Կարմիր խաչը, երկու երկրների ղեկավարների հետ աշխատելն է, Զառա Ամատունին արձագանքեց. «Մեր կազմակերպությունը չունի որևէ ենթակայություն, մենք անկախ, չեզոք, անկողմնակալ կազմակերպություն ենք, որի մարդասիրական առաքելությունն ուղղված է կողմերի հետ գտնելու հնարավորություններ՝ կոնֆլիկտներից տառապող մարդկանց օգնելու և պաշտպանելու: Մենք աշխատում ենք գտնել լուծումներ, բայց մենք չենք գտնում լուծումներ՝ փնտրելով դրանք որևէ այլ տեղ, քան հենց անմիջապես այնտեղ, որոնք դրանք տեղի են ունենում»,- շեշտեց Զառա Ամատունին։

Մանրամասները՝ տեսանյութում։