Ո՞ր արժանիքների համար են նշանակել Արթուր Երոյանին․ «Հրապարակ»

Ո՞ր արժանիքների համար են նշանակել Արթուր Երոյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

ՀՀ զինված ուժերում կադրային ցնցումները շարունակվում են։ Օրերս մի քանի նոր նշանակումներ եղան։ Առավել նշանակալից էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի պաշտոնանկությունը։ Նա հայկական բանակի հին գեներալներից է, 30 տարի ծառայած։ 60-ն անց Քոչունցն ազատվեց պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի արդեն նախկին ղեկավար Արթուր Երոյանը։ ԳՇ պետի մյուս նորանշանակ տեղակալներն են Կարեն Գրիգորյանը եւ Թեմուր Շահնազարյանը՝ համեմատաբար երիտասարդ կադրեր։ Որեւէ մեկնաբանություն ռազմական գերատեսչությունը չի տալիս։

Մեր տեղեկություններով, մոտ օրերս նոր փոփոխություններ կլինեն։ Զինվորականների շրջանում նոր նշանակումների վերաբերյալ  կարծիքները տարբեր են։ Ոմանք կարծում են, որ դրանք անհրաժեշտ են բանակը երիտասարդացնելու, նոր արյուն ներարկելու համար։ Մյուսները կարծում են, որ նիկոլական իշխանությունն ամեն մի առիթ օգտագործում է՝ բանակում անկայուն, հեղհեղուկ վիճակ ստեղծելու համար։ Հասկանալի է, որ հաճախակի արվող կադրային փոփոխությունները չեն նպաստում մեր զինծառայողների մարտական ոգու բարձրացմանը։ Կադրային վայրիվերումների, փորձարկումների դաշտում է հայտնվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Արթուր Երոյանը ռազմական բուհը գլխավորում էր 2021 թ. դեկտեմբերի 30-ից։ Փաստորեն, նա 2 տարի ծառայեց որպես ռազմական ակադեմիայի պետ ու գնաց նոր պաշտոնի։ Այդ ընթացքում, ավելի ստույգ՝ 2023-ի հուլիսին, կառավարությունը որոշեց, որ երկու ռազմական բուհ մեզ պետք չէ, որ մեկն էլ բավական է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը միավորվեցին։ Միավորումը ցավոտ եղավ ավիացիոն համալսարանի համար, որտեղ Երոյանն իսկական կադրային ջարդ իրականացրեց։ «Ոչ մեկին Վազգեն Սարգսյանի համալսարանից չեն ազատել։ Բայց զինվորական ծառայություն անցած ու երկար տարիներ ծառայողների հաստիքները կրճատեցին, ոչ մեկին նոր աշխատանք չառաջարկեցին»,- ասում է Խանփերյանցի անվան բուհի անցուդարձից տեղյակ անձը։ 

Ո՞ր արժանիքների համար է Սուրեն Պապիկյանն այսչափ բարձր գնահատում Արթուր Երոյանին՝ շատերը չեն հասկանում։ Մանավանդ, չհերքված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմի ժամանակ նա բավականին անփառունակ կերպով վիրավորվել է ձեռքի բութ մատի շրջանում, ինչից հետո, որպես վիրավորված, այլես չի մասնակցել ռազմական գործողություններին։ Արթուր Երոյանի շրջապատից մեզ հայտնում են, առանց անուն նշելու, որ նա ոչ թե բութ մատի, այլ ձախ ձեռքի շրջանում է վիրավորվել, «ամբողջ դաստակով, բռունցքն է վիրավորված»։ «Կան մարդիկ,  որոնք հանել են, նրան փրկել են, կարող էր արյունահոսել։ Արթուր Երոյանը 10 լավագույն գնդապետների մեջ է մտնում, դա նաեւ նախկինները կարող են հաստատել»,- ասաց մեր բարձրաստիճան աղբյուրը՝ Արթուր Երոյանի շրջապատից։ Ինչ վերաբերում է բուհերի միավորմանը, նման ծրագրեր ունեցել են Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը։ «Այդ քննարկումներն այն ժամանակ էլ եղել են, ծախսերի օպտիմալացման առումով, բայց այստեղ ամեն ինչ միանշանակ չէ, կան դետալային հարցեր, որոնք ճիշտ չեն լուծվել»,- ասում է հայկական բանակի սպան։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։