Արմավիրում ևս կարմրուկով վարակակիր երեխաներ կան

Արմավիրում ևս կարմրուկով վարակակիր երեխաներ կան

ՀՀ-ում տարածվում է կարմրուկը։  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել է, որ  վիրուսի 20 հաստատված դեպք կա,  19 բուժառու հոսպիտալացված է, մեկն արդեն դուրս է գրվել։

MediaHub-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը փոխանցեց, որ դեռևս 3-4 օր առաջ հայտնի է դարձել, որ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Արմավիրրում։

«Երկու դեպքի մասին էր հայտնի, իսկ հիմա մեր մասնագետներն անընդհատ կապի մեջ են բժշկական կենտրոնների հետ, տեղեկությունները հավաքագրում են՝ մշտապես հստակ պատկեր ունենալու համար»,-փոխանցեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ վարակակիրները երեխաներ են։ 

Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հայտարարել էր, որ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից չի հեռանում, պետք է պատվաստվել։

«Վարակն առնվազն յոթ օր է տևում, բայց կարող է հասնել 21 օրվա։ Իսկ պատվաստված անձանց մոտ թեթև է անցնում հիվանդությունը։ Եթե մարդը պատվաստված չէ, ապա վարակը, հատկապես մեծահասակների մոտ, ավելի ծանր է անցնում։ Ընդհանրապես, վարակվածների մեկ երրորդը մեծահասակներ են»,- նշել էր մասնագետը։

Նշենք նաև, որ առողջապահության նախարարությունն այս պահի դրությամբ սահմանափակումների անհրաժեշտություն չի տեսնում:

Լիաննա Թորոսյան