Կբոյկոտեն մրցո՞ւյթը, թե՞ Գարեգին Խումարյանին

Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված է մրցույթ, հուլիսի 29-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարելու է հաղթողին։
Երեկ Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրառում էր արել՝ կարծիք հայտնելով, որ մրցույթը ապօրինի է, և հաղթող է հայտարարվելու Արմեն Քոլոյանը։ Այլ կերպ ասած, արդյունքը կանխորոշված է:
Խումարյանը դիմել է մրցույթի մասնակիցներին և կոչ արել բոյկոտել այն, հայտերը հետ վերցնել և հայտարարել այդ մասին։
MediaHub-ը կապ հաստատեց մրցույթի մասնակիցների հետ՝ հասկանալու, թե ծանո՞թ են գրառմանը և արդյո՞ք պատրաստվում են բոյկոտել ու հայտերը հետ վերցնել։
MediaHub-ի հետ զրույցում Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակից լրագրող Լուսինե Պետրոսյանը նշեց, որ չի պատրաստվում հետ վերցնել իր հայտը և մասնակցելու է մրցույթին։
Նշեց՝ համաձայն չէ Խումարյանի հնչեցրած գնահատականների հետ։ «Ո՛չ, ես համաձայն չեմ իր հետ, ոչինչ դեռ չավարտված հնարավոր չէ գնահատել։ Չեմ բոյկոտելու մրցույթը, ինչպե՞ս եք պատկերացնում՝ եթե դիմել եմ, մինչև ավարտվելը ո՞նց եք պատկերացնում ես դրա մասին կարծիք ունենամ»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ ըստ Խումարյանի է արդեն որոշված հաղթողը։ «Ես հասկանում եմ, որ ըստ իրեն՝ Արմեն Քոլոյանին Կառավարության շենքում ինչ-որ մեկն ընդունել է, բայց դա չի նշանակում, որ եթե մեկին ընդունել են, ապա նա արդեն այնտեղ ընտրված է։ Ի վերջո, ընտրությունը կատարվում է այն փաստաթղթային փաթեթով, որը ներկայացվում է։ Այլ հարց, եթե փաստաթղթային փաթեթը հրապարակված լիներ, որ տեսնեինք, մեր եզրակացությունները կանեինք, թե ում հնարավորություններն են ավելի շատ, իմաստ ունի՞ մնալ, թե՞ չունի։ Բայց քանի որ փաթեթները չգիտենք, յուրաքանչյուրն իրենը գիտի, չեմ կարծում, որ Արմեն Քոլոյանը ավելի հաջող հայեցակարգ ունի, քան ես։ Այն, որ Արմեն Քոլոյանին Կառավարության շենքում ինչ-որ մեկն ընդունել է, ինձ շատ քիչ է հուզում»,- հավելեց մեր զրուցակիցը։
MediaHub-ը կապ հաստատեց նաև մրցույթի մյուս մասնակից Միքայել Յալանուզյանի հետ։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանում այդ հարցը մինչ մրցույթի ավարտը։
«Գտնում եմ, որ ճիշտ չէ որևէ մեկնաբանություն տալ իմ կողմից մրցույթի վերաբերյալ։ Չեմ մեկնաբանում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են մրցույթին, քանի որ այնտեղ կա, իմ տեսանկյունով, շահերի բախում։ Ես մասնակցում եմ այդ մրցույթին, մրցույթը կավարտվի, եթե մեկնաբանելու որևէ բան լինի, կմեկնաբանեմ»,- ասաց Յալանուզյանը։
Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ հայտը ներկայացրել է մրցույթին մասնակցելու համար և, ըստ էության, բոյկոտել չի պատրաստվում:
Մեզ չհաջողվեց զրուցել մյուս մասնակիցների հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք կիսում են Գարեգին Խումարյանի գնահատականները, համաձա՞յն են նրա մեղադրանքների հետ, թե՞ ոչ:
Ի դեպ, Կառավարությանը մոտ կանգնած MediaHub-ի աղբյուրը ևս հաստատեց՝ Քոլոյանի ապագան Հանրային ռադիոյում գրեթե կանխորոշված է, իսկ Խումարյանի կոչերը, թերևս, այդպես էլ մնան անպատասխան բոլոր մակարդակներում:
Մարիաննա Արամյան