ՔՊ-ական Հովհաննիսյանն ակնարկում է, թե ընդդիմադիրները «խաղաղության» դեմ արշավ են սկսել

Ազգային ժողովի ելույթների ժամին «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե ուղղորդված պայքար է գնում «խաղաղության» դեմ, այն խաղաղության, որը 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունները խոստանում են, բայց այդպես էլ բերել չեն կարողանում։ 

«Կազմակերպված եւ երրորդ երկրներից ուղղորդվող անձինք տասնամյակներ շարունակ քանդել են մեր պետության հիմքերը՝ հասնելով ընդհուպ ամենաբարձր պաշտոնների, իրենց արմատները գցելով քաղաքական, հասարակական, անվտանգային եւ հնարավոր բոլոր ոլորտներում։ Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել։ Թե՛ մենք՝ քաղաքական պատասխանատուներս առաջին հերթին, թե՛ բոլոր քաղաքացիները պետք է հստակ գիտակցենք իրավիճակը՝ անելիքները հստակ հասկանալու համար։ Հիմա պայքար է գնում խաղաղության դեմ, մեր ժողովրդի խաղաղ ապրելու հնարավորության, որովհետեւ երբ չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն, իսկ ինքնիշխանությունը վտանգված է»,-ասաց նա։

Հովհաննիսյանը երկրի թիվ մեկ ամբիոնից ՀՀ քաղաքացիներին վստահեցնում է, թե Հայաստանի ինքնիշխանության ու պատերազմից հետո խաղաղության դեմ արշավը շարունակվում է, եւ որպես դրա վառ ապացույց օրինակ բերում այն, որ ԱԺ ամբիոնը ընդդիմադիր պատգամավորների կողմից ավելի շատ է օգտագործվում Հայաստանի պետական շահի դեմ։ 

«Սիրելի քաղաքացիներ, մենք ունենք պատմական հնարավորություն վերջ դնելու մինչեւ մեր պետության հիմքեր հասնող ստին ու կեղծիքին։ Հիմա, երբ բացահայտված են այնպիսի ճշմարտություններ, որոնց բացահայտումը անհավանական կարող էր թվալ 2018-ից կամ պատերազմից առաջ, մենք իրավունք չունենք թուլանալու եւ տրվելու օտարերկրյա ազդեցության քաղաքական գործիչների, լրատվականների եւ այլ խմբավորումների սադրանքներին ու դավադրություններին»,-նկատեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։