«Ներքին թշնամին» խժռում է բանակը. երկու զոհ՝ մեկ օրում

Երեկ ժամը 11:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Երեկ վաղ առավոտյան էլ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, այս գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող:
Երկու սպանությունները տեղի են ունեցել մեկ օրվա ընթացքում՝ 2-րդ բանակային կորպուսում: Երեկ այնտեղ այցելած ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, դատելով պաշտոնական տեղեկատվությունից, միայն ընդհանրական անդրադարձ է կատարել տեղի ունեցածին՝ ձեռնպահ մնալով անգամ կադրային լուծումներից:
Անցած տարի զոհված 75 զինծառայողից միայն 20-ի դեպքում է մահացու կրակոցը հրադադարի խախտման հետևանք, մնացածի պատճառները տարբեր են՝ ոչ կանոնադրական հարաբերություններ, անվտանգության կանոնների խախտում, մի խոսքով՝ անարդյունավետ և անորակ կառավարում:
Տարին փաստորեն սկսվել է նույն բացասական տենդենցով, ինչը հիմք է տալիս պնդելու, որ «ներքին թշնամին»՝ հակառակորդից ոչ պակաս, խժռում է ՀՀ Զինված ուժերը, բանակը:
Այդ «ներքին թշնամին» բանակում ամենաթողության մթնոլորտն ու ռեֆորմների բացակայությունն են, ինչն, իր հերթին, հուշում է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ
Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն իրենց տեղում չեն:
Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, սակայն, չի գործում. Պապիկյանն իր պաշտոնից չզրկվեց անգամ անցած տարվա հունվարին, երբ Հայաստանի ԶՈւ-երում գրանցվեց ամենաողբերգական միջադեպը՝ Վարդենիսի զինվորական կացարանում ողջակիզվեց 15 զինծառայող:
Դպրոցի անորակ կախիչի կամ բասկետբոլի ոչ պատշաճ վահանակի համար երկու մարզպետներ և կոմիտեի նախագահ պաշտոնանկ արվեցին:
Արդյո՞ք մարդը և նրա կյանքը Փաշինյանի համար արժեք չեն: Ե՞րբ է պաշտոնանկ արվելու Սուրեն Պապիկյանը, որի կառավարման հետ նույնանում են ԶՈւ-երում արմատավորված բարդակն ու ամենաթողությունը:
Սա հորդոր չէ, սա պահանջ է:
Վահրամ Բագրատյան