Ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի վճիռ կա, բայց ՀՀ իշխանությունները չեն զբաղվում. փաստաբան

Ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի վճիռ կա, բայց ՀՀ իշխանությունները չեն զբաղվում. փաստաբան

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները. գործընթացի մեկնարկը տրված է, ինչի մասին պարզ է դառնում ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, ադրբեջանցի ռամիլ սաֆարովը գիշերը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, նաև  մահափորձ իրականացրեց նույն դասընթացին մասնակցող սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ: Հունգարիայի դատարանը վճռեց, թե այդ արարքները կատարելիս սաֆարովը գործել է մասնավոր անձի կարգավիճակով, նրան արտահանձնեց Ադրբեջանին, իսկ Եվրոպական դատարանն էլ առհասարակ պատասխանատվությունից ազատեց սաֆարովին հայրենիք արտահանձնած Հունգարիային: Հայրենիքում սաֆարովը հռչակվեց ազգի հերոս, բարձր պարգևների արժանացել Իլհամ Ալիևի կողմից՝ ոչ միայն ազատվելով պատժի կրումից, այլև ստանալով հնարավոր բոլոր արտոնությունը “հերոսական արարքը կատարելու համար:

Այստեղ ոչ այնքան կարևոր է այն, որ Հայաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները մի երկրի հետ, որը հստակ իմանալով, որ հայրենիքում մարդասպանը չի պատժվելու, այդուհանդերձ հանձնեց նրան Ադրբեջանին, այլ այն, որ Հայաստանի իշխանությունների համար այդ էջը շրջված է և Գուրգեն Մարգարյանի սպանության գործը, անգամ առկա դատավճռով, որը մեր օգտին է կայացվել երկու տարի առաջ, անտեսվում է. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը.

«Իրականում այն ժամանակ էլ ինձ համար հասկանալի չէր, թե ինչու ՀՀ-ն խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Փոխանակ դա անեին, հենց սկզբից պետք է պայքարեին, որ չթողնեին արտահանձնումը լինի՝ մենք մի ամիս այդ մասին գիտեինք, բայց ոչ մի բան չարվեց: Ես ինքս բոլոր հնարավոր դռները թակել եմ, բայց ոչինչ չարվեց՝ 2012 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 31-ը, երբ նրան արտահանձնեցին»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետևապես, նշեց նա, քանի որ հենց սկզբից ոչինչ չի արվել, հետո փնտրել կապը այնքան էլ ճիշտ չէ: 

Սպանությունից 16 տարի անց՝ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ն արձանագրեց,  որ Բաքուն խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով ռամիլ սաֆարովին: Փաստաբանի խոսքով՝ այդ վճիռը, փաստացի, Ադրբեջանի և Հունգարիայի դեմ է, խոսքը էթնիկ խտրականության ու մարդու կյանքի իրավունքի խախտման մասին է և Հայաստանը պետք է հիմա դրանով զբաղվի՝ դիմի Նախարարների կոմիտե, որպեսզի այդ վճիռը կատարվի: Սակայն երկու տարի է արդեն, ինչ անցել է, բայց վճիռը չի կատարվել.

«Իշխանությունները պետք է դրանով զբաղվեն, առավել ևս, որ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ ունի և նա պետք զբաղվի այս հարցով: Պետք է աշխատեն, որ վճիռը կատարվի, քանի որ, կրկնում եմ, մեր օգտին վճիռ ունենք, բայց զբաղվող չկա դրանով: Մինչդեռ Ադրբեջանն էլ մեր դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել, որն ավելի թույլ է: Ես կարծում եմ, որ պետք է գործ անել, ոչ թե մտածել՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնենք, թե ոչ: Առավել ևս, որ ոչ դիվանագիտական հարաբերությունները խզելուց մեր երկիրը մեծ հաշվով տուժեց, ոչ էլ հիմա է շահելու, երբ դրանք վերականգնենք»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Գուրգեն Մարդարյանին սպանողին հայրենիք արտահանձնելն ու նրան այնտեղ պատժի չենթարկելը նախադեպ չի դառնա, Նազելի Վարդանյանն ասաց՝ նման նախադեպ երբևէ չի եղել.

«Սա խոսում է այն մասին, որ Ալիևի հանձնարարությամբ է դա արվել: Ես այն ժամանակ էլ պնդում էի, որ սաֆարովը հանձնարարություն է կատարել, բայց չէինք կարողանում դա ապացուցեինք: Բայց արտահանձնունից հետո նրան ութ տարի աշխատավարձ տալը, բնակարանով ապահովելը, տարատեսակ արտոնություններ տալը, հերոսացնելը խոսում էր հենց դրա մասին: Ու այդ ամենը մենք չօգտագործեցինք, ժամանակին մենք պետք է բոլոր ատյաններում, բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը հստակ բարձրացնեինք, խոսեինք, բայց լռեցինք: Հիմա պատկերացրեք, որ հակառակը լիներ, Ադրբեջանը ինչ վայնասուն էր բարձրացրել ու ինչպես էր դա Հայաստանի դեմ օգտագործելու բոլոր հնարավոր ատյաններում: Բայց որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ մենք այս հարցը չենք բարձրացրել. Նախկին իշխանությունների օրոք մեկ-երկու անգամ խոսվել է, իսկ գործող իշխանությունն ինձ հետ ընդհանրապես այս գործից չի հետաքրքրվել, մանրամասներ չեն ուզել, թեև ես ինքս մի քանի անգամ ասել եմ, որ կուզեի այդ մասին խոսել: Այս է իրողությունը»,- հավելեց փաստաբանը:

MediaHub-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը թերևս միայն մեկ դրվագով հիշատակել է ռամիլ սաֆարովին. 2018 թվականին, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հայտարարեց, որ կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ, որոնք պահանջում էին ակտիվ քայլեր կառավարությունից իրենց որդուն վերադարձնելու հարցում: Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց՝  շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է փոխանակել բոլորին բոլորի հետ, բայց արդյոք պե՞տք է գնալ այդ ճանապարհով:

«Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը ազատազրկվել է 20 տարով, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանու են սպանել, մեկ հոգու էլ վիրավորել: Հիմա մենք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ վերադարձնելու Ադրբեջանին, համաձա՞յն ենք այս տարբերակին: Ես հասկանում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը ինձ համար ուղղակի անհասկանալի էր»,- նշել էր նա:

Բայց երկու տարի անց, 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը Ադրբեջանին վերադարձրեց այդ «սաֆարովներին»՝ Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, թեև մինչ օրս էլ Բաքվի ռեժիմը շուրջ հարյուր հայ տղաների գերի է պահում ու նրանց ճակատագրի վրա այս իշխանություններն ուղղակի թքած ունեն...