Ծննդաբերական ցավերս մի կողմից էին ուժեղանում, ռմբակոծությունը՝ մյուս կողմից․ Սոֆին ծնվեց արկերի պայթյունների տակ

Ծննդաբերական ցավերս մի կողմից էին ուժեղանում, ռմբակոծությունը՝ մյուս կողմից․ Սոֆին ծնվեց արկերի պայթյունների տակ

«Գնալով ծննդաբերական ցավերս մի կողմից էին ուժեղանում, ռմբակոծությունը՝ մյուս կողմից։ Ծննդատան բուժանձնակազմն անում էր ավելին մեզ սեր, ջերմություն տալու համար։ Այդ հոգատարությունն ինձ ուժ տվեց, որ չհուսահատվեմ։ Սոֆիիս լույս աշխարհ գալուց հետո, երբ ցույց տվեցին ինձ, մի պահ մոռացա պատերազմը»,- լրագրող Վեհանուշ Հովսեփյանը MediaHub-ին պատմում է մայրանալու ճանապարհին ունեցած իր ծանր ապրումների մասին։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան նրա ամուսինը երիտասարդ կնոջն ուղեկցել է ծննդատուն, բժիշկներն ասել են, որ ծննդաբերության ժամանակն է, ու պառկեցրել են նրան։

«Մի քանի ժամ անց քաղաքը սկսեց ռմբակոծվել։ Բուժանձնակազմը եկավ ու մեզ իջեցրեց նկուղ՝ ծննդկաններին, հղիներին գրկած, նորածիններին մի առանձնահատուկ խնամքով, իրար օգնելով գնացինք ապաստարան։ Հա՛մ օգնում էին, հա՛մ էլ հեռախոսներով փորձում ճշտել իրենց երեխաների որպիսության, դիրքերում կամ շրջաններում գտնվող հարազատների մասին։ Ինձ հետ ևս մի կին կար Իրինա անունով, նա 10 տարվա ընդմիջումից հետո պետք է 3-րդ տղան ունենար։ Նրա վիճակն ավելի վատ էր։ Մեր ամուսինները բարձրացան, «մատրասներ» իջեցրին նկուղ, հարմարություններ ստեղծեցինք մինչև լույս աշխարհ կբերեինք մեր փոքրիկներին»,- պատմում է նա։ 

Վեհանուշը միշտ երազել է իր փոքրիկին ունենալ Ստեփանակերտի նորակառույց ծննդատանը։ Բայց բլոկադայի պատճառով կահավորումն ուշացել է։ Գործող ծննդատան անբարվոք վիճակում գտնվող այդ սենյակում Իրինան բարեհաջող լույս աշխարհ է բերել Ալեքսանդրին, իսկ ինքը, որ այդ ընթացքում ականատեսի դերում է եղել, խոստովանում է՝ վախեցել է, քանի որ առաջնեկին պիտի ունենար։

«Ի վերջո եկավ իմ հերթը։ Ծննդաբերությունից առաջ բժիշկ Ղահրամանյանը մի կոնֆետ բերեց-հյուրասիրեց, hետո ասաց, որ կեսարյան հատումով պիտի ծննդաբերեմ։ Քաղաքի վրա հրթիռակոծությունը չէր դադարում։ Մի երիտասարդ բժշկուհի կար՝ Հայկուհի Ղուբաթյանը, որ բոլորից անհանգիստ էր, քանի որ զինվորականի կին է, ինձ ոգևորելու համար ժպտում էր, ասում էր՝ «ամեն ինչ լավ կլինի, առողջ բալիկ կունենաս»։ Ինձ բարձրացրին 2-րդ հարկ։ «Նարկոզի» ժամանակ ականջիս մեջ մե՛կ ռումբերի ձայնն էր, որ դղրդացնում էր ծննդատան ապակիները, մե՛կ բուժանձնակազմի «արագ-արագ արեք, գնալով վիճակը վատանում է» խոսույթը։ Ամբողջ ընթացքում իմ բժշկուհին՝ Մանուշ Սարգսյանը, ձեռքս բաց չթողեց։ Երբ բացեցի աչքերս, ինձ ցույց տվեցին Սոֆիին, ես մոռացա պատերազմը»,- հիշում է երիտասարդ կինը։ 

Վեհանուշի եղբայրը՝ Օնիկ Հովսեփյանը, զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փոքրիկ Սոֆիի ծնունդին սպասում էին բոլոր հարազատները, որ Օնիկից հետո վերջապես ուժ գտնեն, ժպտան։ Սակայն, պատերազմը փոխեց բոլորի երազանքները։

«Ծննդատանը և ընդհանրապես քաղաքում լույս չկար։ Գեներատորների միջոցով լույս կար միայն վերակենդանացման բաժանմունքում՝ վաղաժամ ծննդաբերությունների համար։ Վիրահատությունից հետո դեռ ուշքի չէի եկել, երբ բժիշկներն ասացին՝ «առանց րոպե կորցնելու դուրս եկեք վիրահատարանից»։ Մեզ տարան միջանցք։ Ամբողջ գիշեր ես ու ամուսինս՝ Գևորգը, բուժանձնակազմի հետ մնացինք միջանցքում։ Ջերմության պակաս չէի զգում, բայց անընդհատ ինձ հարց էի տալիս, թե ինչո՞ւ է հենց այս բախտը վիճակվել մեզ, հետո հանգստանում էի, երբ նայում էի բալիկիս աչքերին»։ 

Սեպտեմբերի 19-ից հետո ծավալված իրադարձությունների մասին նոր մայրացած լրագրողն իմացել է զինադադարից հետո միայն։ «Մի խումբ հղի կանայք ձեռնունայն նստած էին ծննդատան միջանցքերում, հետաքրքրվեցի, ասացին՝ տարհանվել են Մարտակերտի շրջանից։ Այդ ժամանակ չգիտեի, թե ինչ է կատարվել, որ նրանք նույնիսկ իրենց անձնական իրերը չեն հասցրել վերցնել։ Ինչ ունեինք այնտեղ կիսվեցինք մեր հայրենակիցների հետ, հյուրասիրեցինք, օգնեցինք, որ իմանան մենակ չեն։ Զոյա անունով մի կին, որ ծննդատանն էր աշխատում, կարտոֆիլ եփեց, հավասարապես բաժանեց բոլորին, իսկ ես Սոֆիիս համար նախատեսված հագուստեղենն ու անհրաժեշտ պարագաները կիսեցի ճարտարցի մի աղջկա հետ»։ 

Վեհանուշը շրջափակման ժամանակ խնամքով է պատրաստվել առաջնեկի ծնունդին, անգամ տորթ թխելու պարագաներն է սառնարանում պահել, բայց ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 21-ին, երբ պետք է փոքրիկի հետ տուն գնար։

«Պատուհանից դուրս նայում էի քաղաքին, իրարանցում էր։ Բոլորը վազում էին։ Զանգահարել եմ Գևորգին, որ գա։ Ասացի, որ վախենում եմ, այստեղ բոլորն ասում են, որ ադրբեջանցիները Կրկժան թաղամասում արդեն դրոշ են բարձրացրել։ Ամուսինս ինձ հանգստացրեց, նույնիսկ հարկադրված գաղթի մասին չխոսեց։ Ես երեխայիս ծնունդը հավաստող միայն մի թուղթ եմ վերցրել, գրկախառնվել բժիշկ Սարգսյանի ու Ղահրամանյանի հետ, շնորհակալությունս հայտնել ու դուրս եկել»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Տուն վերադառնալուց հետո բակում վառարանների շուրջ ուտելիք պատրաստող հարևաններն են ասել, որ Արցախը հայաթափվում է։ 

«Սկզբից չեմ հավատացել, բայց գնալով թաղամասը դատարկվում էր»։ 

Վեհանուշի մայրն ու սկեսուրը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունեցան, քանի որ Մարտունու շրջանը պաշարված էր։ Միայն ապաշրջափակումից հետո, երբ հարազատները միավորվեցին Ստեփանակերտում, սեպտեմբերի 25-ին նրանք ևս հարկադրված դուրս եկան Արցախից։ 

«3 օր ճանապարհ ենք եկել։ Դրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն էին։ Գնալով ուտելիքը վերջանում էր, ես պիտի սնվեի, որ երեխայիս կերակրեի։ Հակարի չհասած եղբայրս բացեց մեր մեքենայի դուռը ու մեկանգամյա օգտագործման ափսեի մեջ կանաչ լոբի ու մի կտոր հաց հյուրասիրեց, նրան մարտունեցի մեր հայրենակիցներն էին հյուրասիրել, ինքն էլ բերել է ինձ։ Այդպես մեծ դժվարությամբ հասանք Կոռնիձոր, որտեղ մեզ դիմավորեցին հյուրասիրություններով»։ 

Շուտով Ստեփանակերտում վերջինը ծնված Սոֆին 7 ամսական կդառնա։ Վեհանուշը հավատը չի կորցնում, որ Սոֆիի հետ դեռ քայլելու է Ստեփանակերտի ծննդատան բակում, նրան ցույց է տալու այն ապաստարանը, որտեղ իր հետ պաստսպարվել է մայրը, որ հանկարծ քաղաքի վրա թափվող ռումբերից չվնասվի փոքրիկը…

Հունան Թադևոսյան