Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը  44-օրյա պատերազմի մասնակից էր

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, ՎԱԶ- 2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սիսիան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները փակել գազաբալոններ ու վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող էր ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում իր գործընկերների հետ լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը։