ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ միջև ծեծկռտուքի մանրամասները. պարզաբանում`Երևան ՋԷԿ֊ից

MediaHub-ն այսօր անդրադարձել էր "Երևան ՋԷԿ"֊ում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք՝ մեր տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով՝ արյունլվա վիճակում, տեղափոխել են հիվանդանոց։
Քիչ առաջ MediaHub-ի հետ կապ հաստատեցին ՓԲ ընկերությունից ներկայացնելով կատարվածի վերաբերյալ պարզաբանում։ Այն ներկայացնում ենք ստորև.
«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
14.11.2024 թվականին լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:
Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ»։
Սա, հիշեցնենք, ընկերության պարզաբանումն է, մինչդեռ ՆԳՆ֊ից հաստատել էին մեր տեղեկությունները, որ ահազանգը եղել է հենց Երևանի ՋԷԿ-ից․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։
Հ․Գ․ Որոշ ժամանակ անց Քննչական կոմիտեից ևս հաստատեցին միջադեպի մասին լուրը․ «Հաղորդում ստացվել է անձի կողմից` հարված ստանալու վերաբերյալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (ֆիզիկական ներգործություն)։ Հանգամանքները պարզվում են»։