Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում, Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. Մամուլը՝ սուրճով

Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում, Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին բազմիցս խոսվել է: Ցավոք սրտի, ՀՖՖ ներկա ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով հայկական ֆուտբոլը թերեւս գտնվում է պատմական ամենացածր նիշի վրա. գրեթե անդադար պարտություններ են կրում բոլոր տարիքային խմբերի հավաքականները, իսկ ազգային թիմը հազիվ է կարողանում ոչ ոքի կորզել նույնիսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում:

Մելիքբեկյանի եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից իրականացրած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն են պահանջում ոլորտի կարեւոր խաղացողները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբները, հավաքականի «ՖԱՖ» եւ «Կարմիր արծիվներ», «Արարատ Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» ակումբների երկրպագուները եւ բազմաթիվ անհատներ:

Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրեւ թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» եւ «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:

Մեզ փոխանցում են, որ իշխանական վերնախավում եւս, կարծես թե, հակված են հեռացնելու անդադար խնդիրներ ստեղծող ու դրա դիմաց որեւէ արդյունք չտվող Մելիքբեկյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի անգամ դիմում է գրել, որը կանխել է ֆեդերացիայի իրական ղեկավար ընկալվող Արմեն Նիկողոսյանը: Ի դեպ, կիրակի օրը պետք է սպորտային ալիքներից մեկով եթեր հեռարձակվեր Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը. դրա մասին նախապես հայտարարվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց եւ փոխարենը ցուցադրվեց երկուշաբթի երեկոյան:

Մենք բազմաթիվ անգամներ գրել ենք ՀՖՖ-ում տեղ գտած արատավոր ու արտաքնապես հանցակազմ պարունակող երեւույթների մասին, բարձրաձայնել ենք ծնողների կողմից արված բողոքները, սակայն ՀՖՖ ներկա ղեկավարը, ով նախկին լրագրող է, կառույցը դարձրել է շատ փակ, ու հնարավոր չէ որեւէ տեղեկություն ճշտել:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին․ դեռեւս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։

Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, եւ քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։

Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, եւ առաջիկա օրերին թերեւս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, եւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, եւ նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են թևակոխում: Այսօր ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը:

Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը իշխանությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս ներքաղաքական այլ հարցերի, կքննարկի նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ դրսևորած: Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով. իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին