Դատախազության միայն հրապարակմանն ենք ծանոթ․ Բեգլարյանի փաստաբան

Դատախազության միայն հրապարակմանն ենք ծանոթ․ Բեգլարյանի փաստաբան

Արդեն տեղեկացրել ենք, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ 

Ըստ հաղորդագրության, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու հոդվածներով:

Արդյո՞ք Բեգլարյանն ընդունում է մեղադրանքը, հարցի պատասխանն իրենից պարզել չհաջողվեց՝ հեռախոսահամարն անհասանելի է։ 

Իսկ ահա Բեգլարյանի փաստաբանը՝ Գոռ Օհանյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ դեռ դատավարական գործողություն կատարված չէ, այդ ամենի մասին ընթացքում կխոսեն իրենք։

Մեր դիտարկմանը, որ Բեգլարյանը երկրում չէ, արդյոք դա է պատճառը, փաստաբանն արձագանքեց՝ անձնական տվյալ է, և ինքն այս պահին հրաժարվում է դա ներկայացնել։

«Ընթացքում հանդես կգանք»,- նշեց նա։

Գոռ Օհանյանը նկատեց նաև, որ այս պահին միայն դատախազության հրապարակմանն է ծանոթ, այն էլ՝ ձևական առումով։

Նարե Գնունի