ՔՊ-ում բուռն խմորումներ են, Ինչ է ասել Սրբուհի Գալյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարեւոր կառույց այս պահին առանց ղեկավարի է։ Մասնավորապես՝ պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության եւ հարկադիր կատարման ծառայության պետերի պաշտոնները։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներքին կարգով ասել է, որ մինչեւ այդ ոլորտը համակարգող տեղակալ չնշանակի, տվյալ ոլորտում պետ չի նշանակելու:
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել արդարադատության նախարարությունից, որտեղից ի պատասխան՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնեց. «Նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, ու նախարարը նման բան երբեւէ չի ասել»»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում անելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Օրինագծով, որը դրվել է հանրային քննարկման, առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը:
Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, մանավանդ՝ աշխարհի շատ երկրներում են անցել յոթժամյա աշխատանքային օրվա: Բայց այստեղ հարցեր կան, հատկապես, որ նման օրենսդրական փոփոխության հեղինակը Փաշինյանի կառավարությունն է: Այսինքն, այն նույն կառավարությունը, որ ջերմեռանդորեն հիմնավորում էր Ամանորի ու Սուրբծննդյան տոները կրճատելու մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչ բոցաշունչ ելույթներ էին ունենում առ այն, թե՝ ինչպե՜ս կարելի է հունվարի 1-7-ը չաշխատել, միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը բավարար են: Հիշեցի՞ք: Իսկ հիշո՞ւմ եք, որ դրանից զատ ասում էին, որ եթե երկու-երեք օր պակաս են մարդիկ աշխատում, ապա երկրի տնտեսությունը խոշորագույն կորուստներ է կրում: Մի խոսքով, այնպես էին նկարագրում այդ մի քանի հանգստյան օրվա պարագան, որ թվում էր, թե երկրագնդի պտտվելու հարցն էլ է դրա հետ կապված:
Ավելին, կհիշեք, թե նույն այդ մարդիկ ինչպես էին ակնհայտ արհամարհանքով արտահայտվում մահացածների հիշատակի օրերի՝ «մեռելոցների» մասին: Ու էլի՝ «տնտեսությունը կորուստներ է կրում»: Իսկ հիմա... այդ նույն մարդիկ առաջարկում են օրական աշխատաժամանակը 1 ժամով նվազեցնել: Դա շաբաթական 5 ժամ է անում, ամիսը՝ 20-22 ժամ, տարվա մեջ՝ 240-260 ժամ... Բայց, մի րոպե, ստացվում է, որ փաշինյանենք առաջարկում են տարվա ընթացքում աշխատաժամանակը կրճատել, ընդհանուր առմամբ, 10-11 օր: Այսի՞նքն: Իրենց մեջտեղից պատառոտում են, թե... Ամանորին 2-3 օր չաշխատելու հետևանքով երկիրը կործանվում է, ու նույն մարդիկ առաջարկում են... կրճատել 10 աշխատանքային օր: Բա տնտեսությո՞ւնը, բա տուրի՞զմը, բա բյուջեի (պարգևավճարման) մուտքե՞րը...
Բնութագրական է, եթե նկատի ունենանք, որ գործ ունենք Փաշինյանի ու նրա իշխանության հետ: Մի կողմից՝ 10 օր կրճատում ես, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում, որ մարդիկ Նոր տարուն մի քանի օր չեն աշխատում, մի հատ էլ՝ հունվարի 7-ին իրենց անցավորների շիրիմներին են այցելում:
«Հրապարակը» գրում է․ Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ եւ միասնական մթնոլորտ է, եւ որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, եւ անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։
Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Չնայած մեր աղբյուրն անուններ չի հայտնում, սակայն քաղաքական անցուդարձից կարելի է անգամ հասկանալ, թե ովքեր են նրանք: Նրանց մի մասը Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին էր մասնակցում։
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ջանքեր թափեց Նիկոլ Փաշինյանի մոտ առողջապահության նախարարի պաշտոնը կրկին ստանձնելու համար, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեջքը, պարզվում է, շատ ավելի ամուր է։
Ասում են՝ Ավանեսյանի համար Նիկոլի մոտ բանագնացների թիմ է բարեխոսել, որոնք վստահեցրել են, որ նա եզակի հավատարիմներից է, ու որ նրա ոտքերի տակ սապոն է դնում փորձված աղվես Թորոսյանը։
Նույն բանագնացները հիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանն, ու ինչ հետեւանքներով կարող է հղի լինել նրա վերադարձը կառավարություն։
Մի խոսքով՝ Ավանեսյանը դեռ կշարունակի պաշտոնավարել՝ ի հեճուկս Թորոսյանի ջանքերի»: