Հայաստանը կվավերացնի Հաագայի դատարանի կանոնադրությունը, որը մերժվել է 2004-ին․ «Հրապարակ»

Հայաստանը կվավերացնի Հաագայի դատարանի կանոնադրությունը,  որը մերժվել է 2004-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ կառավարությունը հավանություն տվեց Հաագայի դատարանի կանոնադրությունը վավերացնելու եւ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին օրենքի նախագծին:

Միջազգային քրեական դատարանի նպատակն է, որն ամրագրված է դրա կանոնադրության մեջ, առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց պատժելը եւ հետագայում դրանց կանխմանը նպաստելը։ Հաագայի դատարանը  կազմված է 18 ընտրված դատավորներից։ Հանցագործությունների շրջանակը, ըստ Հաագայի դատարանի կանոնադրության, հետեւյալն է՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ագրեսիան։ Ընդ որում՝ դատարանը դրանց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառում։ Վավերացնելով Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հայաստանը եւս մի լծակ է ստանում Ադրբեջանի դեմ։

Հայաստանը Հռոմյան ստատուսը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, դեռեւս երբ ողջ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Հետագայում, սակայն, 2004 թվականին, նախագահ Քոչարյանը դիմեց ՍԴ, Հաագայի դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում  ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ Եվ ՍԴ-ն որոշ պարտավորություններ համարեց հակասահմանադրական։  

Օրինակ, կանոնադրության 10-րդ կետով սահմանվում է, որ պետություններն իրենց հայեցողությամբ եւ կամավոր են մասնակցում քրեական դատարանի դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժն իրականացնելուն, դատարանն  է որոշում, թե որ պետությունում է ազատազրկվածը կրելու պատիժը, հետագայում հսկում է պատժի կրումը եւ կարող է նաեւ կրճատել այն։  ՍԴ-ն գտավ, որ այս պարտավորությունը հակասում է այն ժամանակվա սահմանադրության 91 եւ 92 հոդվածներին, որոնցով արդարադատության իրականացումը հանդիսանում է դատարանների բացառիկ իրավասությունը, ՀՀ դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, եւ ամրագրված է, որ ՀՀ դատական իշխանության համակարգը չի նախատեսում որեւէ դրույթ, որը հնարավորություն կտար միջազգային պայմանագրով լրացնել այն  մի այլ դատական մարմնով:

Քրեական դատարանի կանոնադրությամբ դատախազին լայն լիազորություններ են տրվում, ավելի լայն, քան ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում դատախազի համար։ Նա կարող է համապատասխան մասնակից պետության տարածքում անմիջականորեն իրականացնել առանձին քննչական գործողություններ` առանց այդ պետության կողմից համագործակցության համաձայնություն ստանալու, կարող է անմիջականորեն իրականացնել քննչական գործողություններ եւ այլն։ Սահմանադրական դատարանը գտել է, որ այսկերպ վտանգվում է մեր Սահմանադրությամբ ամրագրված պետության ինքնիշխանության սկզբունքը։ Կանոնադրությամբ խախտվում են նաեւ անձի ներման ու համաներման սահմանադրական  իրավունքները, եւ սա եւս պատճառ էր՝ մերժելու այդ փաստաթուղթը։

Արդարադատության նախարարը պատճառաբանում է, թե Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը մերժելուց հետո Սահմանադրությունը 2 անգամ փոխվել է, եւ կառավարությունը, հավանաբար, կդիմի ՍԴ կանոնադրությունը վավերացնելու հարցով: Բայց այս հոդվածները՝ արդարադատության իրականացումը, հանդիսանում են դատարանների բացառիկ իրավասությունը, պետության ինքնիշխանության սկզբունքը, անձի ներման ու համաներման իրավունքները չեն փոխվել։ ՍԴ-ն կարո՞ղ է իր որոշմանը հակասող որոշում ընդունել հիմա։ Հարցն ուղղեցինք արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, որը 2004 թվականին ՍԴ-ում ներկայացրել է ՀՀ նախագահին։  

«Սկզբունքորեն կարող է։ Սահմանադրական դատարանի մասին  օրենքը նախատեսում է, որ սկզբունքորեն որոշումը կարող է դիմումի հիման վրա վերանայվել, եթե ի հայտ է եկել սահմանադրական դրույթի նոր ընկալում, եւ այդ դեպքում ՍԴ-ն կարող է այլ որոշում ընդունել՝ համարելով, որ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն։ Սա ամրագրված է Սահմանադրության մասին օրենքի 68 հոդվածով,  կետ 16, կարծեմ՝ 2-րդ ենթակետ»։

Ճի՞շտ է, թե՞ ոչ մեր անդամակցումը հիմա, կարող է Ադրբեջանն ասել՝ ես չեմ վավերացրել։ «Համարում եմ, այո, սկզբունքորեն պետք է անդամակցել։ Իրականում խոսքը կարող է գնալ միայն մեր տարածքում իրականացվող գործողությունների մասին։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այն, որ Ադրբեջանը չի վավերացրել, կարող է խանգարել, բայց այսօր, երբ Ադրբեջանը գործողություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում, կարծում եմ, որ իմաստ ունի վավերացումը։ Սա այն հազվադեպ դեպքն է, երբ իմ կարծիքը համընկնում է իշխանության կարծիքների հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։