Պատերազմը դեռ երկար է տևելու. գործողությունների հեռակառավարման վահանակներից մեկը ԱՄՆ-ում է, մյուսը՝ Իրանում

Բեյրութահայ Ազնիվ Կիրակոսյանի ընտանիքը, 2 շաբաթից ավելի է, հրետակոծության պատճառով հիմնականում ապրում են ապաստարաններում։ Իր խոսքով՝ «արդեն հոգնել ենք պայթյունների ձայներից, հոգնել ենք ներքին տեղահանված մեր հայրենակիցներից, որոնք անվտանգության նկատառումներով հարավից տեղափոխվել են մեզ մոտ՝ Բեյրութ»։
Բեյրութի պարբերաբար թիրախավորման ու հրետակոծության պատճառով բուժհաստատությունները, հեռուստաընկերությունները և այլ կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ տեղափոխվել են նկուղներ։
«Ես չգիտեմ աշխարհի տերերը դեպի ո՞ւր են նայում։ Մի ողջ ժողովրդի ճակատագիր վտանգված է, բայց բոլորը մի կողմից խաղաղության կոչ են անում, մյուս կողմից՝ սրում վիճակը իրենց հայտարարություններով։ Պատերազմի հեռակառավարման վահանակներից մեկը ԱՄՆ-ում է, մյուսը՝ Իրանում»,- ասում է Ազնիվ Կիրակոսյանը։
MediaHub-ը կապ հաստատեց նաև Իսրայելում ապրող մեր հայրենակիցների հետ։ Մայրաքաղաք Թել Ավիվում բնակվող Անի Մելիքյանն ասաց, որ իրավիճակը թեպետ այս պահին հանգիստ է, բայց իսրայելցիներն ամեն րոպե սպասում են Իրանի հարձակմանը՝ ռազմական օբյեկտներին։
«Այսօր առավոտյան օդային հրթիռի նախազգուշացման ազդանշան չի հնչել, ոչ էլ հակաօդային պաշտպանության ձայներ։ Իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, փոխարենը մենք հանգիստ չենք, քանի որ լիբանանյան կողմից ամեն րոպե սպասվում է նոր հարձակում։ Քաղաքացիական բնակչությանն իբր չեն թիրախավորում, բայց այդ ձայներից սարսափում ենք»,- ասաց Անին։ Նրա խոսքով՝ Իսրայելում կանայք ու երեխաներ են անգամ զոհվել, իսկ ռազմական գործողությունների դադարի մասին առայժմ ոչ մի խոսք։
Պատերազմը, ըստ լիբանանահայ լրագրող Փաթիլ Մկրտչյանի, դեռ երկար է տևելու։ Կողմերը չեն պատրաստվում գնալ փոխզիջումների․ «Դրան զուգահեռ ավելանում է գաղթականների թիվը։ Այն հասել է 1,4 միլիոնի»։
Հունան Թադևոսյան