Կարո՞ղ ա երկրի նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը շիզոֆրենիկ են․ պարզե՞լ եք․ Արծվիկ Մինասյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր «Պետական գաղտնիքի մասին” օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը։

Ըստ նախագծի՝ հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ՝ արդի իրողություններին և միջազգային փորձին համապատասխան:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի շարք խնդիրներ է տեսնում օրենքի մշակման այս տարբերակում։ Նրա խոսքով, օրինակ, գիտական նպատակներով անձին պետական գաղտնիքի տրամադրումը կարող է ծառայել պետության շահերին դեմ։ «Քաղաքացին կարող է օտարերկրյա մի կառույցից դրամաշնորհ ստանալ, գաղտնի ինֆորմացիան ստանա ու տրամադրի իր պատվիրատուին։ Բացի այդ, օրենքի մեկ այլ կետով էլ, գործադիրի ղեկավարին օրենքի ուժով իրավունք է տրվում պետական գաղտնիքին տիրապետելու ամբողջական հնարավորություն, իսկ իրեն ընտրողներին՝ ոչ»,- ասաց Մինասյանը։

Բացի այդ, Մինասյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք փորձ արվել է ստուգելու՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունե՞ն այն անձինք, որոնք պետական գաղտնիքին հասանելիություն ունեն ամբողջ մասշտաբով։

«Բա եթե չեք պարզել, օրենքի ուժով ինչո՞ւ եք միայն նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին տալիս պետական գաղտնիքի ամբողջական հասանելիություն, իսկ իրենց ընտրողներին՝ ոչ»,- նշեց նա։ Ըստ պատգամավորի, պետք է պետական գաղտնիքին հասանելիություն ունեցողների հոգեկան առողջության ստուգում անցկացվի՝ պարզելու, թե արդյոք նրանք շիզոֆրենիկ չեն։ Նա նկատեց՝ լուրջ կասկածներ ունի, որ շատ պատգամավորներ չեն ծառայում ի նպաստ Հայաստանի պետական շահերի։

Արձագանքելով նրա խոսքին՝ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ինքն էլ ունի նման կասկածներ։ Մինասյանն էլ նշեց, որ եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԱԱԾ-ն մինչ այս պահն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։

«Գրավոր դիմել եմ ԱԱԾ-ին, թե կա՞ պատգամավոր, որի գործողությունները ՀՀ պետական շահին դեմ են։ Զրո պատասխան եմ ստացել։ Այս ամենն ուղիղ կապված է օրենքի նախագծի հետ։ Այն նոր շփոթ է ստեղծել։ Ըստ այս օրենքի՝ ամեն ինչ համարվում է պետական գաղտնիք, անգամ՝ պահպանվող անձի կոշիկի «ռազմերը», բայց իմ հնչեցրած հարցերի պատասխանը չի տալիս»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։